Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կրակոց է հնչել. ժամը 03։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքով Արտաշատ քաղաքից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբից եւ նա 23-ամյա Ռաֆայել Ս.-ն է։ Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ նրա վրա կրակել է 32-ամյա Դավիթ Պ.-ն՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող նշված գիշերային ակումբում։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որով Դավիթ Պ.-մ կրակոց է արձակել Ռաֆայել Ս.-ի ուղղությամբ, այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։