Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին:
Իր ելույթում Բակո Սահակյանը կանգ է առել բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա:
Ինչպես հայտնում են ԱՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը իր ելույթում նշել է. «Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ և համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը և սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը:
Առանձին ուշադրության կենտրոնում եղել և մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների և հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ», — ընդգծել է նախագահ Սահակյանը:
Իր խոսքում նա նշել է, որ տեղի են ունեցել բյուջեի նախագծի բազմակողմանի ու համապարփակ քննարկումներ՝ նախատեսված բոլոր փուլերով, պատգամավորները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բյուջեի տրամաբանությանը, դրա հնարավորություններին ու կազմման գործընթացին և հայտնելու իրենց կարծիքներն ու տեսակետները:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար և առաջարկել բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք:«Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի նախագծի ձևավորման ընթացքում հիմնական շեշտը դրվել է ինտենսիվ զարգացման, հայեցակարգային մոտեցումների վրա, մասնավորապես՝ ոռոգման ոլորտում, որտեղ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար նախատեսված է 600 միլիոն դրամ, արտեզյան ջրհորների կառուցման և վերանորոգման ծրագրի համար՝ 400 միլիոն դրամ: Պետության տնտեսական քաղաքականության իրականացման գործում մեծ սպասելիքներ ունենք էներգետիկայի ոլորտից, որի շարունակական զարգացումը խթան կհանդիսանա տնտեսության այլ ոլորտների առաջընթացի ապահովման համար»,- նշել է Բակո Սահակյանը: