Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ:
Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ:
Ըստ ՍԱՊԾ-ի, դրանք ենթարկվել են ախտաբանաանատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում ներկայացված բոլոր նմուշներում արձանագրվել են խորը, թափանցող մեխանիկական վնասվածքներ, որոշների մոտ գանգի և պարանոցի ողերի կոտրվածքներ, կտուցից արյունահոսություն: Քանի որ այդ վնասվածքները կարող էին առաջանալ նաև անկումների պատճառով, թռչնագրիպի առկայությունը բացառելու նպատակով՝ կատարվել է նաև թռչնագրիպի նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտություն: Ստացված բացասական արդյունքներով բացառվել է թռչնի գրիպը առկայությունը: Հետազոտական աշխատանքները շարունակվում են:
Հատկապես սոցիալական ցանցերում խտացված խուճապային տրամադրություններն անհիմն են, անհանգստության որևէ առիթ չկա: