Search
Close this search box.

Օսիպյանը կտրականապես հերքում է Նարեկ Սարգսյանին քրեական հեղինակության միջոցով հայտնաբերելու մասին լուրերը

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է տեղեկությունները, համաձայն որոնց ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին Պրահայում իրավապահները կարողացել են հայտնաբերել քրեական հեղինակություն համարվող «Զապ»-ի օգնությամբ։ «Եթե որևէ մեկը կարող է ապացուցել, որ ոստիկանությունն այդ հարցով համագործակցել է քրեական հեղինակության հետ, ես այս պահին հրաժարական կտամ իմ այս բարձր պետական պաշտոնից», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Օսիպյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Դեկտեմբերի 7-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: 

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով: 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

«Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL