ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «People in need» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին:
Ավագ Ավանեսյանին են ներկայացվել կազմակերպության գործունեությունը և առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ծրագիրը և դրա սոցիալական ազդեցությունը։ Կողմերը կարևորվել են ծրագրում հումքից մինչև արտադրանքի շղթայի ապահովումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում նախարարության և հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերը, անդրադարձ է եղել նաև առաջիկա նախաձեռնություններին։
«People in need» կազմակերպության տնօրենը, փոքր և միջին ձեռներեցությանն օժանդակելու նպատակով, հետաքրքրվել է ոլորտում պետության աջակցության գործիքակազմով, ինչպես նաև ՓՄՁ զարգացմամբ զբաղվող մարմինների գործունեությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն հաստատել ՀԿ-ի և այդ մարմինների միջև։
Նախարարի տեղակալի առաջարկով, կդիտարկվի նաև Չեխիայում գործող CERGE-EI համալսարանի և ՏԶՆՆ Տնտեսական հետազոտությունների կենտրոնի միջև համագործակցությունը տեղեկատվության փոխանակման, տնտեսական քաղաքականության մշակման արդյունավետության համատեքստում։