Արցախի պաշտպանության բանակում անցած օրերին տեղի ունեցած 3 միջադեպի հետևանքով վիրավորվել է 5 զինծառայող։ Շաբաթ օրն առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել են նրանցից երեքը։ Վիրավորվածներից Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան` Մուրացանի հոսպիտալ, նրա ձախ ոտնաթաթն ամպուտացվել է, վնասվածք կա նաև դեմքի ձախ հատվածում, վիճակը ծանր կայուն է։
Նույն միջադեպի հետևանքով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել զինծառայողներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Զինծառայողների վիճակը բավարար է։
Նույն շաբաթ օրը մեկ այլ դեպքի պատճառով որովայնի հրազենային վնասվածք է ստացել Արցախի պաշտպանության բանակի մեկ այլ զինծառայող՝ Արգիշտի Հակոբյանը: Երեկ նա տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ։ Զինծառայողի վիճակը կայուն ծանր է։
Հաջորդ օրը՝ կիրակի, Արցախի առաջնագծում հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ զինծառայող՝ Ռաֆիկ Վահանյանը։ Աչքի շրջանում հրազենային վնասվածքով նրան այսօր Ստեփանակերտից տեղափոխել են Երևան։ Մուրացանի հոսպիտալում նախնական զննումից հետո նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Ավելի ուշ զինծառայողը տեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, որտեղ էլ նրան վերջնական կհետազոտեն նեղ մասնագետները։