Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե ինչու Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին զենք վաճառելու հարցը չի բարձրացնում նաև Ռուսաստանի առաջ:
«Անդրադառնալով պարոն Լուկաշենկոյի հայտարարությանը՝ անհրաժեշտ եմ համարում անել մի քանի կարևոր արձանագրում:
Ցավոք, պարոն Լուկանշենկոն շարունակում է փակ հանդիպումների բովանդակությունը հրապարակելու պրակտիկան:
Ցավոք, պարոն Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ քննարկումներում մշտապես, այդ թվում՝ պարոն Լուկաշենկոյի հիշատակած հանդիպման ընթացքում մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի խնդրահարույց հարցը:
Հայաստանը տրամադրված է շարունակել քննարկումները ՀԱՊԿ շրջանակում՝ կազմակերպության անդամ երկրների փոխադարձ դաշնակցային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ շփումներին՝ պատմելով դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայով իրենց խոսակցությանը:
«Պուտինի ներկայությամբ ասացի.«Նիկո՛լ, արի ամեն ինչ իր տեղը դնենք. ո՞վ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցով առաջին տեղում, ո՞վ՝ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լռում ՝ ասա նրան (նկատի ունի Պուտինին), դե՛, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզ»-ը, Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկանան: Այդ դեպքում ասա, ես կլռեմ: Ահա այդպիսի խոսակցություն է եղել»,-պատմել էր Լուկաշենկոն: