ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ԱԱԾ-ն կարճել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ծաղկաձորում կայացած ասուլիսին ասաց ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը: Նրա խոսքով, երբ անձը ինքնակամ հանձնում է զենք-զինամթերքը, ապա որոշակի պայմանների առկայության դեպքում քրեական գործը կարճվում է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն 2018 թ. հուլիսին խուզարկություն էր իրականացրել Առաքել Մովսիսյանի բնակարանում, ինչից հետո բերման ենթարկել նրան:
ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք եւ ռազմամթերք:
Հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ Առաքել Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով, իր վստահելի անձանց միջոցով, տեղափոխել եւ պահել է այլ վայրում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը:
Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 21-ին խուզարկություններ են իրականացվել Առաքել Մովսիսյանի տանը, ինչպես նաև զենք-ռազմամթերք տեղափոխելու եւ պահելու հնարավոր վայրերում: Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք եւ ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով:
Ըստ այդմ՝ Առաքել Մովսիսյանը հուլիսի 21-ին բերվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նրան են ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության իր ներգրավվածության վերաբերյալ անառարկելի տվյալներ: Ինչպես նաեւ պարզաբանվել են դրանք ինքնակամ հանձնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, ինչից հետո՝ բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս պատրաստակամություն է հայտնել՝ հանձնելու դեռեւս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահած զենքն ու ռազմամթերքը: Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ: Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել:
Այս դեպքից հետո Առաքել Մովսիսյանը իր հարցազրույցներում նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները «շատ շնորհքով ներխուժել են» եւ ինքը «օրենքի տառին համապատասխան» հանձնել է զենք-զինամթերքը: