ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը կուսակցության համագումարի ընթացքում հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին.
«Սիրելի ժողովուրդ, հարգելի պատվիրակներ, Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին: Զբաղվելով հանրային գործունեությամբ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերդառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»,- նշել է Արթուր Բաղդասարյանը: Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրեց և միաձայն քվեարկությամբ ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ ընտրվեցին Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը»,- ասված է հայտարարությունում: