Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի գործին:
Ավետիսյանի ընտանիքը պատրաստակամություն է հայտնել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը նվիրել պետությանը: Վանեցյանն ասաց, որ վերջում գործը կարճվելու է:
Ըստ նրա՝ տեղեկություններ էին ստացել, որ «Գոլդեն Փելես» ընկերությունը գրանցված է օֆշորային ընկերության անունով, որպեսզի թաքցնեն իրական սեփականատրրոջը:
«Իրականացված օպերատիվ հետախուզության արդյունքում մեզ հաջողվեց պարզել, որ նշված օֆշորային ընկերության սեփականատերը հանդիսանում են Արմեն Ավետիսյանի որդին ու մայրը: Գույքի ձեռքբերման օրինականությունը պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, և պարոն Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել մեր կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը»,- ասաց Վանեցյանը:
Նա նշեց, որ դա դա, իհարկե, մեղմացուցիչ հանգամանք է, բայց իրավական վերջնական լուծումը կտրվի քննություն իրականացնող մարմնի կողմից: Քննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտը:
«Պարոն Ավետիսյանն արդեն դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը՝ գույքը նվիրաբերելու համար: Իհարկե, վերջում կարճվելու է գործը: Կարճվելու է, բայց կարճվելու տարբեր ձևեր կան, կա հանցակազմի բացակայության՝ դատարանով, հանցակազմի բացակայության՝ համաներումով: Այս պահին ես չեմ կարող ասել, թե որով կլինի»,- ասաց Վանեցյանը:
Նա նշեց, որ ինքը կողմնակից է, որ եթե պետությանը հասցված վնասը վերականգնվի, մարդիկ չպետք է դատապարտվեն: Իհարկե, ըստ Վանեցյանի, ամեն ինչ պետք է տեղի ունենա գործող օրենսդրության շրջանակներում:
«Եթե հիմա մենք ասում ենք՝ պետք է այս մարդը գնա նստի, լավ, գնաց, ինչ-որ մարդ նստեց, պետությանը հասցվել է իքս չափի վնաս, այս մարդուն հայտնաբերեցինք, տարանք նստացրեցինք: Փողը չի տալիս, գույքը չի տալիս, գնում է, նստում է, մեկ տարի, հինգ տարի, ի՞նչ է դրանից փոխվում: Ի՞նչ է տալիս մեզ տնտեսական հանցագործություն իրականացրած անձին դատապարտելը, մի քանի տարի նստացնելը: Կարող եք ասել՝ այն ժամանակ կաշառքով էր, գողացած փողեր են, շատ բաներ կարող եք ասել, բայց ես գտնում եմ, որ եթե օրենքները թույլ են տալիս, պետք չէ մարդկանց տանել ու նստացնել: Պետք է պետության վնասը վերականգնել և շարունակել»,- ասաց նա:
Հարցին, թե նույն տրամաբանությունը կարո՞ղ է գործել Ալեքսանդր Սարգսյանի դեպքում՝ հաշվի առնելով այն, որ նա պատրաստակամություն էր հայտնել 30 մլն դոլար նվիրել պետությանը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ալեքսանդր Սարգսյանի մասին այս պահին հստակ հայտարարություն չեմ կարող անել, որովհետև քննությունն ընթանում է: Եթե օրենսդրությունը թույլատրեց, որպեսզի… հիմա եթե այդ բառն ասեմ, գրելու են՝ Ալեքսանդր Սարգսյանի գործը կարճվեց: Այո, ես կողմնակից եմ, որ պետության վնասը վերականգվի, մարդը ազատվի պատժից: Ազատվելու համար տարբեր հիմքեր կան, արդարացման հիմքով չեն ազատվում պատժից»:
Նա նաև հավելեց, որ Արմեն Ավետիսյանը հրապարակված գործի հետ առնչություն չունի: Կապ ունի այնքանով, որ իր որդին ու մայրն այդ օֆշորային ընկերության սեփականատերերն են: