Search
Close this search box.

Երեւան-Բաքու երկխոսություն սկսելու հայտարարությունները շատ հետաքրքրական են

Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հիշեցնենք, որ Լավրովը Բաքու էր մեկնել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողովին մասնակցելու համար։

Որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մանդատակիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող «եռյակի» մաս կազմող երկրներից մեկի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, բնականաբար հանդիպման ընթացքում ակնկալելի էր, որ Լավրովը կխոսի նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման մասին։

Մասնավորապես նա ասել էր, որ Մոսկվան որպես համանախագահող երկիր թե Մինսկի խմբի շրջանակներում, եւ թե առանձնաբար, ջանքեր է գործադրելու, որպեսզի սկսվի Բաքու-Երեւան երկխոսություն։ Հետաքրքրական է չափազանց այն, որ Լավրովը մասնավորապես ասել է, որ իրենք «կհասնեն այդ նպատակին»։

Կարելի է ասել՝ գովելի լավատեսություն եւ նաեւ՝ օրինակելի վճռականություն կա Լավրովի խոսքերի մեջ։ Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում այնպիսի տրամադրություն կա, ասես Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ինչ որ նոր փուլի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Մի կողմից համանախագահող երկրների վերջին համատեղ հայտարարությունում Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ «վերելակային հանդիպման» բանաձեւումը, մյուս կողմից Բաքվից հնչող ակնարկները, թե Երեւանում խելամիտ կլինի որ հետեւեն Լեւոն Տեր Պետրոսյանի ձեւակերպած մոտեցումներին, երրորդ կողմից Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությունում վերջին խմորումները, ակամա մի եզրակացության են հանգեցնում, որ Մադրիդյան սկզբունքների թղթապանակը կարծես թե ժամանակավորապես «ծալվել դրվել է մի կողմ», Վիեննայի եւ Պետերբուրգյան հանդիպումների հետ կապված ձեռքբերումներն առհասարակ կամ օրակարգային չեն այլեւս կամ ժամանակավորապես մղվել են հետին պլան եւ նոր ելակետ է ընդունվում ԱՊՀ ղեկավարների Դուշանբեի գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած «վերելակային հանդիպումը» եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այս մասին է վկայում նաեւ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այսօրվա հայտարարությունը այն մասին, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ ակնհայտ է, որ երկխոսություն կա եւ շարունակվում է այն։

 

«Երկխոսություն կա եւ այստեղ պաշտոնական հայտարարության կարիք չկա»,- նկատել է Զախարովան կարծես թե հասկացնելով, որ շարունակվելու է կուլուարային դիվանագիտության այն ավանդույթը, որը որդեգրված է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, նաեւ նշելով, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գործընթացը ենթադրում է մի շարք կոնկրետ քայլերի համալիր, որոնք պետք է մշակվեն կողմերը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Այս ամենի հանրագումարում կարելի է ասել, որ հաջորդ տարին ամենայն հավանականությամբ կլինի Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բավական վճռորոշ, եւ հավանաբար արդեն հաջորդ տարի ամբողջական տեսքի կբերվեն ու կսկսեն կիրառվել եւ խաղաղության նախապատրաստման կոնկրետ գործողությունները, եւ երեւի կխորանա սկսված երկխոսությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ, ինչի մասին ասել է Լավրովը եւ կրկնել Զախարովան։

Please enter a valid URL