Search
Close this search box.

ՊՆ հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նպատակադրել է Զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարանային համալիրներ, վերազինված նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում՝ դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում:

Այս մասին ասված է Զինված ուժերում սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով հնարավոր գործընկերներին բացահայտելու փորձնական ծրագրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: Ծրագրի նպատակն է ապահովել սննդի բազմազանություն, որակ և անհրաժեշտ կալորիականություն՝ պահպանելով ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3–ի N 1456-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պարենային ապահովության կարգը և չափաքանակները։

Նշված նպատակի իրագործման համար կիրականացվի փորձնական ծրագիր՝ միջինում 8000 զինծառայողների համար սննդի կազմակերպման գործընթացը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու, ինչպես նաև այդ ծրագրի տեխնիկական առաջադրանքի և ֆինանսական գնահատականի հստակեցման նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ներկայացված են նաև փորձնական ծրագրին մասնակցելու պայմանները: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի փորձնական ծրագրին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ.

1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնց վերաբերյալ հայտը ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.

5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

6) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կամ պաշտպանության ապահովման համար։

Հայտարարության մեջ ներկայացված են պարզաբանում ստանալու, ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնելու կարգը:

Please enter a valid URL