Search
Close this search box.

«Պատմեմ այն, ինչ եղել է իրականում այդ օրը». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի հայտնի հարցազրույցին, գրել է.

«Դավիթ Շահնազարյանի հարցազրույցն եմ նայում, հասա մարտի 1-ին:
Մի դրվագ. Շահնազարյանն ասում է, թե մարտի 1-ին ինքը փորձել է ժողովրդին երթով տանել, բայց շտաբի ներկայացուցիչներն ասել են՝ ոչ: Պատմեմ այն, ինչ եղել է իրականում այդ օրը, որի մասին գրել եմ «Ժամանակ Երևան» թերթում (ցավոք կայքը չի պահպանվել): Տասնմեկն անց էր` Ֆրանսիայի դեսպանատան մոտ էի: Լիքը ժողովուրդ: Կանանց մի մասը նստել էր գետնին: «Ժառանգությունից» Վարդան Խաչատրյանը բանակցում էր ոստիկանների հետ: Սրանք համոզում էին, թե՝ ժողովրդին տարեք Դինամո մարզադաշտ, թե չէ վատ կլինի: Վարդանն էլ խոստանում էր դա կազմակերպել: Դա անմիջապես կողքիս է եղել: Անհանգստացա: Սկսեցի ծանոթ մարդ փնտրել Շարժումից: Ղարաբաղ կոմիտեից մեկին տեսա, ասեցի (բառացի)՝ էսպիսի բան է. Վարդանը բանակցում է, ուզում է ժողովրդին տանել Դինամո, ո՞նց եք հանդուրժում, Վարդանն ո՞վ է, որ ժողովրդին էստեղից հանի: Այդ մարդն ասեց՝ չի կարելի թույլ տալ, դա մահ է, լավ, տեսնեմ` ինչ կարելի է անել: Հետ գնացի իմ տեղը` ոստիկանների շարքի մոտ: Հայտնվեց Դավիթ Շահնազարյանը: Աֆյանն ու Գզիրյանը Դավիթին ասեցին՝ պարոն Շահնազարյան, ժողովրդին տարեք էստեղից, առաջարկում ենք Մատենադարան, խաղաղ, հանգիստ թող գնան, որովհետև եթե էստեղ մնան, բախում կլինի, մենք պատասխանատու չենք բախման համար: Դավիթն ասեց, որ ինքն իրավասու չէ նման որոշումներ կայացնելու: Աֆյանն ու Գզիրյանը պնդեցին՝ չէ, ձեզ կլսեն, ասեք, թող երթով գնան Մատենադարան, դեռ ես էլ հարցրի՝ թե չէ՝ ի՞նչ: Գզիրյանը թե՝ դուք լրագրող եք, ձեր գործն արեք, ասեցի՝ հենց իմ գործն եմ անում: Դավիթն ասեց՝ լավ, կփորձեմ, բայց էսքան ժողովրդին ո՞նց ասեմ, բարձրախոս էլ չկա, ինձ ո՞վ է լսելու: Առաջարկեցին իրենց բարձրախոսը (ռուպրը), ոստիկանության Գազելի դուռը բացեցին, Դավիթը կանգնեց մեքենայի մեջ և ոստիկանության բարձրախոսով ասաց՝ ժողովուրդ, մեզ առաջարկում են երթով գնալ Մատենադարան… Ժողովուրդը գոռաց՝ Ո՜չ, Լե-վոն, Լե-վոն: Դավիթը իջավ մեքենայից, բարձրախոսը տվեց ոստիկաններին, ասեց՝ ինձանից ինչ հասնում էր, արեցի, ասեցի չէ՞, որ ինձ չեն լսի: Հնարավոր է՝ Դավիթ Շահնազարյանը լավ չի հիշում մանրամասները, բայց ես հստակ հիշում եմ. սա է եղել»:

Դավիթ Շահնազարյանին, որին գիտեմ 1988-ից, մի հարց ուղղեմ՝ որպես նախորդ գրառմանս շարունակություն. «Դավիթ ջան, դու խոսում ես Հայաստանում կատարվածի մասին, հեղափոխության մասին, արտաքին և ներքին հարցերի մասին և ասում ես՝ այս եմ եղել, այն եմ եղել, այն եմ եղել, այս ամենի հանդեպ անտարբեր անցնել չեմ կարող:
Այսինքն՝ դու քեզ ներկայացնում ես որպես սկզբունքային քաղաքական գործիչ: Լավ ես անում: Լա՜վ, ուրեմն ինչպե՞ս է եղել, որ քեզ նման սկզբունքային քաղաքական գործիչը մինչ ՀՀԿ-ի ցուցակում հայտնվելը չի կարդացել ՀՀԿ-ի վերջին հայտարարությունը, որը ՀՀԿ-ի հենց հիմնական, այսպես կոչված, գաղափարական հայտն էր այս արտահերթ ընտրություններում, իսկ այդ հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը որակվում է որպես Մարտի 1-ի «հրահրիչ»:
Ասում ես՝ ժամանակ չի եղել այդ հայտարարությունը մանրամասն կարդալու: Դավիթ ջան, այդ հայտարարության նախագծի որոշման տվյալ հատվածը հրապարակվել է բոլոր ԶԼՄ-ներով ու եղած-չեղածը մի քանի տող է, քեզ նման մարդուց առավելագույնը մեկ րոպե էր խլելու: Հարգանքներս»:

Please enter a valid URL