Սարսափ են հիշեցնում Հայաստանի նորագույն պատմության հատկապես վերջին տարիները, որոնք ուղեկցվել են մարդկային ու հոգեբանական մեծ կորուստներով:
Անցած տարիներին ևս մեկ անգամ համոզվեցինք նրանում, որ հայ զինվորն իր տունը պաշտպանելիս անհաղթ է: Այլ հարց է, թե մեր տղաներն ինչու էին ստիպված կռվում 80-ականների զենքով՝ թշնամու նորագույն հարձակողական զենքի ու զրահի դեմ: Եվ դա այն պարագայում, երբ բանակի գեներալները շրջում էին պետական փողերով գնված թանկարժեք ամենագնացներով, իսկ, օրինակ, սահմանային գոտիներում ահազանգման համակարգը բաղկացած էր «կոնսերվայի բանկաներից»;
Այլևս գաղտնիք չէ, որ մեր կորուստներն անհամեմատ քիչ կլինեին, եթե ոմանք չկողոպտեին մեր պետությունը: Եվ գուցե չկորցնեինք այն «անպետք» 800 հա հողատարածքը, որին զոհ գնացին մեր փառահեղ տղաները:
Անցնող տարիների կորուստներին կարելի է գումարել Հայրենիքից ընդմիշտ դժգոհ այն հազարավոր մարդկանց հոսքը, որը կարծես անվերջ էր: «Հարկավոր է շտապ փախչել այս երկրից» արտահայտությունը, երբեք այդքան հաճախ չէի լսել: Անիմաստ էր մարդկանց մեղադրելը, որովհետև` այդպես ապրելն անհնարին էր:
Ոմանք այդպես էլ չհասկացան, որ իրենց ստեղծած «բարեկեցիկ» աշխարհից զատ գոյություն ուներ մեկ ուրիշ Հայաստան, և որ այդ Հայաստանը միայն Երևանը չէր:
Ես այդպես էլ չհասկացա, թե ուր էին գնում նախկին իշխանությունները և ուր էին տանում ժողովրդին: Ողջ ժողովուրդը կորցրել էր հույսն ու հավատը, ու տպավորությունն այնպիսինն էր, որ մենք ապրում ենք բացառապես անցյալով՝ մոռանալով մեր սերունդների ապագայի մասին:
Ով էր այս ամենի մեղավորը. մի՞թե դա այն պաշտոնյաները չէին՝ ովքեր իրենց պաշտոնով բիզնես էին անում: Աննկարագրելի մեծ է այդ պաշտոնյաների «հայրենանվեր» գործունեության արդյունքում դիզած միլիոնների հասնող ունեցվածքը:
Մի՞թե կարելի է այսպես շարունակել: Իհարկե՝ ո՛չ:
Ապրիլյան հեղաշրջումը հուսախաբված ժողովրդի ադեկվատ պատասխանն էր մի իշխանության՝ ով հիշողության կորստի պատճառով մոռացել էր, թե ով է ում համար ծառայելու: Կյանքը ցույց տվեց, որ ազգի ճակատագիր գտնվում է իր իսկ սեփական ձեռքերում, ինչպես կորոշի, դրան էլ կարժանանա:
Այո՛, այս հեղաշրջումն ադեկվատ պատասխանն էր հանրությանը պարգևած բոլոր այն ոչ ադեկվատ խոսքերի և գործունեության, որոնք դեռ երկար տարիներ կհիշվեն սերունդների կողմից:
Եվ այսպես`
«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»
«Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»
«Տղեդ, որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»
«Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում»
«Ազգի կեսը կամ երգում է, կամ սերիալում է նկարահանվում»
«Ինչպես տատս էր ասում, այդ հարցո՞վ ենք հավաքվե»
«Մենք կորցրեցինք մարտավարական և ռազմավարական նշանակություն չունեցող 800 հա հող»
«Իյա՛, իրոք»
Այո՛, իրո՛ք, քանի որ իմ տատնն էլ ասում է՝ Հայաստանը դրանց համար հանրակացարան կամ խոպանչ չի,հետո ավելացնում՝ «Յարաբ, էս խի սենց ըլա՞մ»:
Հ.Գ. Գյուղացիներին կթելուց առաջ կովերի պտուկները լվանալու մասին խորհուրդ տվող ձեր թիմակիցը խիստ պահանջված է նաև այսօր… Ուզում եմ նրան հարցնել` ինպե՞ս «կթել» սեփական Հայրենիքից ու ժողովրդից փողեր գողացած նախկին պաշտոնյաների պտուկները՝ կթելուց առաջ, թե՝ հետո…