Search
Close this search box.

Կառավարությունը մերժեց նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքի նախագիծը

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը կառավարության նիստում ասաց, որ նախագծով Ուրիխանյանն առաջարկում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում լրացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Դրանով կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:

Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ Սահմանադրության 35 հոդվածի առաջին մասով արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: Բացի այդ, ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ամարգրված են նաև Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ 18 տարեկան տարիքի հասնելը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ և օրենքներով այդ խնդիրներն արդեն իսկ կարգավորված են, կառավարությունը մերժեց Ուրիխանյանի առաջարկած փոփոխություններին:

Վարչապետը պարզաբանում խնդրեց. «Ուղղակի պարզաբանման համար, որպեսզի շահարկումներից հստակ խուսափենք: Հիմա ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են զագս ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանանք, կա՞ արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ կամ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»:

Փոխնախարարի պաշտոնակատարն ասաց, որ օրենքով նման հնարավորություն չկա, Սահմանադրության 35 հոդվածով հստակ նշվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ իրենց կամքով միասնությունն է:

Please enter a valid URL