Աստանայում ՀԱՊԿ աղմկոտ վեհաժողովից հետո մեկնելով Մինսկ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր մոտ է հրավիրել Ադրբեջանի դեսպանին եւ մանրամասն հաշվետվություն ներկայացրել Աստանայի հավաքի մասին, հաղորդում է բելառուսական Բելտա գործակալությունը:
Աստանայում պետք է ընտրվեր նոր գլխավոր քարտուղար, մյուս նորությունն էլ այն էր, որ Ադրբեջանը պետք է մասնակցեր եւ ստանար ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ: Ընդ որում, այս երկու հարցերը, ինչպես բացահայտվեց հավաքի ընթացքում, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների համար նույն փաթեթում էին:
Բանն այն է, որ Հայաստանը ցանկանում էր Խաչատուրովի փոխարեն նշանակել ՀՀ մեկ այլ ներկայացուցչի, իսկ Մինսկն ու Աստանան առիթից օգտվելով ցանկանում էին գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Բելառուսին, որը Հայաստանից հետո այբբենական կարգով երկրորդն է: Հայաստանի քվոտան մինչեւ 2020 թվականն է:
Հատկապես ջանքեր էր գործադրում Նազարբաեւը, եւ գործարքը կարծես թե հետեւյալ սխեման ուներ. Բելառուսն աջակցում է Ադրբեջանին կարգավիճակ տալու, իսկ Ղազախստանը՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին փոխանցելու հարցում:
Բայց Աստանայում չհաջողվեց իրագործել այս մտադրությունը, եւ Ադրբեջանի նախագահն էլ չմեկնեց վեհաժողովին: Փակ հանդիպումից հետո լրագրողները արձանագրել էին, որ Լուկաշենկոն ու Նազարբաեւը նյարդային էին, ընդ որում՝ նաեւ միմյանց հետ զրույցում: Հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ դիրքորոշում է ցուցաբերել, ինչը թերեւս անակնկալ է եղել նրանց համար:
Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին ասել է, որ Հայաստանը նախագահում է ԵՏՄ-ում, նրանն է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց Հայաստանը գտնվում է անցումային փուլում, եւ դա ծանր բեռ է: Հայաստանը գլուխ կհանի դրանից, թե ոչ, Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի դեկտեմբերի 6-ին Սանկտ Մետերբուրգում:
Միաժամանակ նա հավաստիացրել է, որ Ալիեւի հետ իր պայմանավորվածությունները սրբություն են:
«Ադրբեջանի համար մեր դռները բաց են։ Դուք պետք է իմանաք, որ մենք ձեր ընկերներն ենք եւ միշտ պատրաստ ենք ընդառաջ գնալ: Իլհամ Ալիեւի հետ մեր պայմանավորվածությունները սուրբ են, մենք պայմանավորվել ենք ու կկատարենք դրանք: Բելառուսը Ադրբեջանի հետ փակ թեմաներ չունի», ասել է նա դեսպանին։
Նա ասել է նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու ունի: Սակայն հիմնական թեկնածուն, որ առաջադրվել է Աստանայում՝ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Զասը, սերտ կապերի մեջ է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության հետ, մասնավորապես սպառազինության ոլորտում: Փաստորեն, Աստանայում փորձ է արվել նաեւ նշանակել մի մարդու, ով ներկայացնելու էր Ադրբեջանի շահերն ու լոբբինգը,-գրում է lragir.am կայքը:
Եվ ահա, Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին պարզաբանել է, թե ինչու չի ստացվել Աստանայի «դավադրությունը» եւ երդվել սրբորեն պահել պայմանավորվածությունները Ադրբեջանի հետ: Դա նշանակում է նաեւ, որ Բելառուսը շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին: