Search
Close this search box.

Ամեն րոպե այս երեխաների հետ կարող է տեղի ունենալ անդառնալի ողբերգություն.Նաիրա Զոհրաբյանի բաց նամակը Արտակ Զեյնալյանին

Նաիրա Զոհրաբյանը բաց նամակով դիմել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին`ներկայացնելով մի ընտանիքի պատմություն, ուր անչափահաս երեխաները մեծանում են առանց ծնողների: Երեխաների հայրը` Փարսադան Փարսադանյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում է, դատապարտված է Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով` 7 տարի 6 ամիս պատժաչափով. նամակում մասնավորապես ասվում է.

«Մերին 16 տարեկան է, Գոռը`14, իսկ ամենափոքրը` Գևորգը` 9 տարեկան: Երեք անչափահաս երեխաները ապրում են Ագարակում` առանց ծնողների: Մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքը, երեք երեխաներին ու պարզապես մայր չկա: Երբ Մերիին առաջարկեցի փնտրել իրենց մայրիկին, մեկ բառ ասաց` «նա մեզ լքել է, չանեք էդպիսի բան»: Երեխաների հայրը` Փարսադան Փարսադանյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում է, դատապարտված է Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով` 7 տարի 6 ամիս պատժաչափով և արդեն 3 տարի 8 ամիս անազատության մեջ է: Նրա հոդվածը համաներման ենթակա չէր: Երեխաների միակ խնամակալը` տատիկը, մահացավ այս ամառ: 14 ամյա Գոռը հաճախ բաց է թողնում դպրոցը, որպեսզի աշխատի: Ես հասկանում եմ, որ ցանկացած հանցագործություն պիտի պատժվի: Բայց եկեք չափենք այն կորուստը, որ երեք անչափահաս երեխաները մեծանում են առանց ծնողական խնամքի ու ամեն վայրկյան նրանց ՝առանց այդ է խեղված ճակատագիրը կարող է վերջնականապես կործանվել, այն խնդրի հետ, որ փորձում ենք լուծել` անազատության մեջ պահելով հորը: Ամեն րոպե այս երեխաների հետ կարող է տեղի ունենալ անդառնալի ողբերգություն և մենք մեզ չենք ների, որ ընդամենը լուռ դիտորդ էինք: Հարգելի պարոն Զեյնալյան, իմ լավ բարեկամ, գտնենք տարբերակ, թեկուզ վաղակետ ազատումով հորը ընտանիք վերադարձնելու: Այս լուսավոր երեխաները, որոնց հիմա խնամում է տատիկի 70-ամյա քույրը, անպայման պիտի ունենան մանկություն ու ապագա»:

Please enter a valid URL