Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին՝ պաշտոնը ստանձնելուց որոշ ժամանակ հետո: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է:
Սրանք տվյալներ են, որ վերցված են պետռեգիստրից ու հիմնավորում են, որ պետական դրամաշնորհ ստացած ընկերությունը փաստացի պատկանում է հենց Տիգրան Ավինյանին։
Բնականաբար, արդեն հնչել է նաև փոխվարչապետի գրասենյակի պատասխանը. նրա մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում փորձել է իրավիճակը հարթել այն պարզաբանումներով, որ երկու տասնյակից ավելի ընկերությունների շարքում Տիգրան Ավինյանի ընկերության դրամաշնորհ ստանալը չի պարունակել որևէ մութ բան։
Իրականում փոխվարչապետի խոսնակի այս պարզաբանումն ավելի խոցելի է դարձրել Տիգրան Ավինյանին, որովհետև նա նախ՝ իր բիզնեսի համար պետական միջոցներից գումար է ստացել նախկին համակարգի ներկայացուցիչների ձեռագրով, ապա նույն ստանդարտ ձևակերպումներով էլ հասարակությանը հիմնավորել է, որ «թղթերով ամեն ինչ կարգին» է։
Իրականում թափանցիկ գործընթացի մասին Ավինյանի խոսնակի պարզաբանումները գրոշի արժեք չունեն, որովհետև փաստն այն է, որ Ավինյանի կամ նրա ընտանիքին պատկանող բիզնեսը պետական դրամաշնորհ է ստացել այն պահին, երբ վերջինս արդեն փոխվարչապետ էր։ Նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ նույն բիզնեսով զբաղվող տասնյակ ընկերություններ նման «պատվի» չեն արժանացել, որովհետև դրանց տերերը փոխվարչապետ չեն կամ չունեն պետական լծակներ։
Անկեղծորեն՝ նույնիսկ հակված ենք հավատալու Ավինյանի փաստարկներին, սակայն այդ պարագայում խախտելու ենք կարևոր մի սկզբունք՝ ջնջելու ենք այն սահմանը, որը գոյություն ունի հին ու նոր Հայաստանների միջև, ու ամեն ինչին վերաբերվենք մինչհեղափոխական ստանդարտներով։
Կասկածից վեր է, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մերձավորները նույնպես իրենց բիզնեսների համար պետական փողեր են ստացել ընթացակարգի համաձայն, այլ խոսքով՝ ֆորմալ առումով պահել են օրենսդրության պահանջը։ Սակայն դա ոչ մի կապ չունի, մենք այդ տարիներին խոսել ու գրել ենք կոռուպցիայի ու հովանավորչության մասին, որովհետև հակակոռուպցիոն պայքարի մշակույթը ենթադրում է, որ պետական պաշտոնյան իրավունք չունի նպաստելու իր ու մերձավորների բիզնեսի ծաղկմանը, հարստացմանը։
Ամեն ինչ սկսվում է նման փոքր գործարքից, հետո այդ ամենը վերածվում է ավելի մեծ շղթայի։ Այն, ինչ արել է Տիգրան Ավինյանը, ուղղակիորեն հակասում է հեղափոխության համատեքստին, Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն կոշտ, անզիջում հռետորաբանությանը։ Եթե վարչապետը քանիցս հայտարարում է, որ որևէ ներում, բեկում չի լինելու կոռուպցիոն դրսևորումներին ու հովանավորչությանը, սակայն նրա մերձավոր թիմակիցն իր բիզնեսի համար պետությունից 35000 դոլար դրամաշնորհ է պոկում, ապա ստիպված ենք արձանագրել, որ ո՛չ նոր Հայաստանն է բացառիկ և ոչ էլ նրա առաջին իշխանության ներկայացուցիչներն են «հրեշտակ»,- գրում է 1in.am
Թերևս այսքանը՝ այն հույսով, որ Ավինյանը ստեղծված տհաճ իրավիճակը շտկելու ավելի համարժեք լուծում կգտնի՝ բոլորիս վստահեցնելով, որ նոր Հայաստանը բացառիկ է։