Search
Close this search box.

Ինչու՞ է լռում Դավիթ Սանասարյանը. Գագիկ Համբարյան

Այսօր ԶԼՄ-ներից տեղեկացա, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին հայտնել է, որ Ագրարային համալսարանում ստուգումներն ավարտվել են, որոնց արդյունքում նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամ վճարել պետբյուջե` պետությանը վնաս հասցնելու համար: Սանասարյանի` ստուգումները շարունակվում են նաև ԵՊՀ-ում, որոնց արդյունքների մասին հանրությանը շատ շուտով կտեղեկացվի:
Հետաքրքիր է.  Ես և Հ. Խորիկյանը դեռ սույն թվականի հունիսի 2-ին “բաց նամակով” դիմել էինք պարոն Սանասարյանին` խնդրելով անհապաղ ստուգումներ սկսել Շիրակի պետհամալսարանում: Հունիսի 8-ին փոստով նաև ստորագրված նամակ ուղարկեցինք, սակայն պատասխան մինչև հիմա չկա:

Մեկ տարուց ավելի սոցցանցերի մեր էջերով և հայաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ներով մենք բարձրաձայում և բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացնում Շիրակի պետհամալսարանի արդեն նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի` բազմաթիվ հանցանքներ և ապօրինություններ պարունակող գործունեության մասին: Մինասյանը 1 տարի և 10 ամիս ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու արդյունքում ՇՊՀ-ն սնանկացրեց: Սահակ Մինասյանը, խախտելով բուհի ռազմավարական զարգացման ծրագիրը, ՇՊՀ-ում ահռելի մասշտաբների շինարարական աշխատանքներ կատարեց, որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն մեծ ռիսկեր, փոշիացրեց ՇՊՀ-ի բյուջեն: Մինասյանի գործունեության արդյունքում ոչ միայն անհետացավ նախկին ռեկտորից 2016 թ-ի հուլիսին ժառանգած 500 միլիոն դրամ գումարը, այլև 2017 թ-ի ֆինանսական տարին ՇՊՀ-ն փակել էր 242 273 000 դրամ վնասով:

Չեմ անդրադառնում ԿԳՆ-ի 2017 թ-ի նոյեմբերին հրապարակած հաշվետվությանը, որտեղ բացահատված են ՇՊՀ նախկին ռեկտորի բազմաթիվ ապօրինությունները: Հարց է առաջանում: Ի՞նչն է պատճառը, որ պարոն Սանասարյանի ղեկավարած կառույցը մինչև հիմա լռում է ՇՊՀ-ում տեղի ունեցած հանցագործությունների և անօրինականությունների պահով:

Չեմ ուզում մտածել, որ մարզային բուհում տեղի ունեցած իրադարձությունները չեն հետաքրքրում Հայաստանի նոր իշխանութուններին, կամ ավելի վատը՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը լուրջ հովանավորներ ունի Փաշինյանի շրջապատում: Սակայն շատ կասկածելի է այն դանդաղկոտությունը և անլուրջ վերաբերմունքը ՇՊՀ-ի հետ կապված, որը դրսևորում են Շիրակի մարզի իրավապահները և հանրապետության իշխանությունները: Հուսանք, պարոն Սանասարյանը բավականին արագ կարձագանքի նաև ՇՊՀ-ում ստեղծված օրհասական իրավիճակին:

Հ.Գ. Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը պատրաստ է հարազատ բուհին վերադարձնել 350 միլիոն գումար, իսկ այդ ընթացքում ՇՊՀ-ն տարրականորեն թալանած նախկին ռեկտորի հովանավորները և “հանցակիցներն” ամեն ինչ անում են իրենց պրոտեժեին պաշտպանելու համար, ինչի հետևանքով 2018 թ-ի մայիսից ի վեր ՇՊՀ-ն ստիպված է արդեն 50 միլիոն դրամ վարկ վերցնել բանկերից՝ աշխատավարձերը և բուհի մինիմալ կարիքները հոգալու համար:

Please enter a valid URL