Search
Close this search box.

Իմ վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել, ես նկատողություն եմ արել, որ այդպիսի բան չանի. Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար

Այո, իմ վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել, ես այդ ժամանակ իր կողքին եմ եղել: Երբ խախտումն արել է, նկատողություն եմ արել վարորդին, որ այդպիսի բան չանի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Shamshyan.com-ը գրել էր, որ հոկտեմբերի 23-ին BMW մակնիշի 116 ԼԼ 50 համարանիշի ավտոմեքենան երթևեկել էր հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար: Նշված մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, և սպասարկում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին:

Հարցին, թե ինչու է մեքենան հանդիպակաց գոտի դուրս եկել, Վ. Սիսեռյանը պատասխանեց. «Բաղրամյան 26 էինք գնում, այնտեղ ժողով կար Լիբանան այցի հետ կապված: Մենք ուշացումով էինք դուրս եկել կառավարությունից, և խցանում էր: Վարորդը հասկացավ, որ ուշանում ենք, փոստի կողքով փորձեց վերև բարձրանալ: Ես չեմ արդարացնում վարորդի արածը, ամեն դեպքում դա սխալ էր»:

Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավարը նշում է, որ շատ վատ է վերաբերում խախտումներին, մանավանդ, եթե դա կարող է վթարային իրավիճակ ստեղծել կամ մնացած վարորդներին վատ դրության մեջ դնել:

«Ընդհանրապես աշխատում եմ խախտում չանել, բայց իհարկե, խախտումներ լինում են նաև իմ անձնական մեքենայով: Այս դեպքում վարորդը ես չեմ եղել, հսկողություն չեմ ունեցել՝ վարորդն ինչ է անում: Եղել է սխալ, նկատողություն եմ արել, վարորդն ընդունել է նկատողությունը:

Please enter a valid URL