Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ մանդատը վայր դնելուն նախորդած իրադարձություններից: Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ռուզաննա Մուրադյանը մեկ շաբաթ ժամկետ ունի, նա կարող է հետ վերցնել հրաժարականի՝ իր դիմումը. եթե չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն:
Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը մեկն էր ՀՀԿ-ական այն պատգամավորներից, որոնք կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նոր նախագծին «կողմ» քվեարկեցին: Ականատեսները մեզ պատմեցին, որ հենց այս քվեարկության օրը Ռուզաննա Մուրադյանն ԱԺ նիստերի դահլիճ է մտել բավականին այլայլված, իսկ քվեարկությունից հետո խորհրդարանի շենքից հեռացել է՝ համարյա լաց լինելով: Մեր տեղեկություններով՝ այդ քվեարկությունից մի քանի օր առաջ Ռուզաննա Մուրադյանին զանգահարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Թե ինչ է ՀՀԿ-ական պատգամավորի հետ նա խոսել, մեզ հայտնի չէ, սակայն հիշեցնենք, որ Ռուզան Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը, Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի տնօրենն է: Լիլիթ Անտոնյանը հեղափոխության օրերին փակում էր դպրոցի դռները և թույլ չէր տալիս աշակերտներին դպրոցից դուրս գալ, ինչն արժանանում էր հեղափոխականների քննադատությանը. Լիլիթ Անտոնյանին անարգանքի սյունին էին գամում:
Սակայն նշենք, որ Լիլիթ Անտոնյանը հեղափոխությունից հետո՝ 2017-2018 ուսումնական տարում, տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել. մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ռուզաննա Մուրադյանի գլխավորած «Դպրոց-կենտրոններ միավորում» իրավաբանական անձանց միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսական աջակցություն է ստացել` 20 մլն դրամի չափով: Բացի այդ, հանրապետական պատգամավորը, օգտագործելով իր կապերը, իրեն պատկանող մյուս՝ «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ով ևս դրամաշնորհ է ստացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով: Այսինքն՝ կան մի շարք դրվագներ, որոնց մասին հնարավոր է նոր իշխանությունները հիշեցրել են Ռուզաննա Մուրադյանին և, հավանաբար, հենց դա էլ նրա՝ մանդատը վայր դնելու պատճառն է եղել: