Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ

ԱԺ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում Ազգային ժողովը մերժեց՝ 1 դեմ, կողմ՝ 0 և 11 ձեռնպահ ձայներով:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Շնորհավորում եմ չընդունած որոշման կապակցությամբ»:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

Մինչև քվեարկությունը վարման կարգով խոսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ասաց, որ ՀՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը:

ՀՅԴ-ից էլ հայտարարեցին, որ չեն մասնակցի քվեարկությանը: «Որևէ կերպ քվեարկելը ճիշտ չի լինի»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Լենա Նազարյանն ասաց, որ «Ելքը» ձեռնպահ կքվեարկի:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրումը որպես վարչապետի թեկնածու կրում է ֆորմալ բնույթ և նպատակ ունի պատգամավորների դեմ քվեարկությամբ ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավական կարգավորումները՝ Ազգային ժողովն արձակվելու իրավունքի ուժով:

Նշենք, որ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ազգային ժողովն այս նիստում չընտրելով վարչապետ՝ յոթ օր հետո կանցկացնի նոր ընտրություն և եթե ինչպես նախատեսվել է՝ տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է:

Please enter a valid URL