Search
Close this search box.

Ինչու Փաշինյանը տապալեց ԸՕ փոփոխությունների ընդունումը

Կառավարությունը կարծես թե ուզում էր փոփոխություն կատարել ընտրական օրենսգրքում, սակայն ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը բոյկոտեց քվեարկությունը և անհրաժեշտ 63-ի փոխարեն ԸՕ փոփոխություններին կողմ քվեարկեց 56 պատգամավոր: Շատերը, այդ թվում և Ընտրական օրենսգրքի վրա աշխատող հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոնիսյանը վստահ է, որ այս տապալման համար մեղավորը կառավարությունն է, ավելի կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ընտրությունների անցկացումը որոշել է կազմակերպել ոչ թե գարնանը, այլ դեկտեմբերին: Բացի այդ, փոփոխությունները փորձում է իրականացնել իր հրաժարականից հետո, երբ գործադիր իշխանությունը թուլացած է, և չի կարող բավարար ներգործություն ունենալ ՀՀԿ-ական պատգամավորների վրա:

Մենք իհարկե վստահ ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում կարող էր ընդունել տալ Ընտրական օրենսգիրքը, և քվեարկության տապալումը բխում է հենց նրա շահերից: Բայց Դանիել Իոնիսյանը այնքան էլ անկեղծ չէ այդ տապալման պատճառները բացատրելու հարցում, որովհետև նույնիսկ հրաժարական տված Փաշինյանը այնքան ազդեցություն ունի, որ ստիպի պատգամավորներին գալ խորհրդարան և կողմ քվեարկել ԸՕ-ին: Կարծում ենք Փաշինյանը ավելի հիմնավոր պատճառներ ունի գործող ընտրակարգը պաշտպանելու հարցում, և նա փորձելու է այդ ընտրակարգով գնալ արտահերթ ընտրությունների, անկախ թե ինչ են ուզում այլ քաղաքական ուժեր կամ անհատներ:

Փաշինյանը և նրա ղեկավարած կառավարությունը ընտրական օրենսգրքի փոփոխությունները բերեցին խորհրդարան ընդամենը ցույց տալու համար, որ իրենց չի բավարարում գործող ռեյտինգային ընտրակարգը, և դա պետք է միայն ՀՀԿ-ին: Հիմա կառավարությունը կարող է հանգիստ ասել, որ իրենք ուզում էին փոխել օրենսգիրքը բայց չարակամ հանրապետականները տապալեցին փոփոխությունների ընդունումը: Դե Փաշինյանի համար էլ միևնույն է, թե ինչ ընտրակարգով կկազմակերպվեն ընտրությունները, միևնույն է ինքը հաղթելու է: Դե եթե հաղթանակը ապահովագրված է, ինչ իմաստ ունեն փոփոխությունները, մանավանդ, որ գործողը մի շարք առավելություններ է ապահովում:

Եթե առաջարկվող փոփոխությունները ընդունվեին, և ընտրությունները կազմակերպվեին պարզ համամասնական ընտրակարգով, ՔՊ ցուցակը նմանվելու էր գնացքի, որ առջևից կապված էր լինելու շոգեքարշ Փաշինյանը, իսկ հետևից գալու էին դատարկ վագոնները: Փաշինյանը խորհրդարան էր բերելու մարդկանց ում հասարակությունը ոչ ճանաչում էր, ոչ էլ քվե էր տվել: Սա նշանակում է, որ ցանկացած մեկը, ով իրեն համարում էր հեղափոխությամբ ծնված կամ դրա աջակից, կարող էր ցուցակում և հետևաբար խորհրդարանում հայտնվելու հայտ ներկայացնել: Բայց եթե մնում է գործող ռեյտինգային ընտրակարգը, Փաշինյանը կարող է նման հավակնություններ ունեցող թեկնածուներին առաջադրվել որպես ռեյտինգային թեկնածու, և ստանալ հասարակության աջակցությունը: Իսկ քանի որ յուրաքանչյուր տարածքում ՔՊ ռեյտինգային թեկնածուները լինելու են մի քանիսը, եթե ոչ տասնյակի չափ, դժվար է ասել, թե նրանցից ով կստանա ընտրողների աջակցությունը և ով կմերժվի:

Նիկոլ Փաշինյանի թեկնածու լինելը այս պարագայում չի աշխատում, քանի որ ինչպես նշեցինք թեկնածուն մեկը չէ, այլ բազմաթիվ են: Սա հնարավորություն կտա Փաշինյանին հեշտությամբ ազատվել այն պոտենցիալ թեկնածուներից, ում ցանկություն չունի բերել խորհրդարան: Բավարար է, որ վարչապետ Փաշինյանը նրանց առաջարկի առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, որ թեկնածուն միանգամից հրաժարվի պատգամավորական հավակնություններից:

Բայցի այդ, եթե գործում է պարզ համամասնական ընտրակարգը, որևէ կերպ չի երևում թե ընտրողը քվեարկելով ՔՊ-ի օգտին, կոնկրետ ում է ընտրում, ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանին, թե ասենք 68-րդ համարին: Հաղթանակը համարվում է ընդհանուր, և ցուցակի յուրաքանչյուր ներկայացուցիչ կարող է համարել, որ դա նաև իր շնորհիվ է եղել, սա կոլեկտիվ հաղթանակ է: Մինչդեռ ռեյտինգային ընտրակարգի դեպքում յուրաքանչյուր թեկնածու ստանում է հենց իրեն տրված քվեները, իսկ ՔՊ-ի ստացած քվեները կարելի է համարել որպես Նիկոլ Փաշինյանին տրված ձայներ: Այս դեպքում ընտրություններից հետո կարող է պարզվել, որ Նիկոլ Փաշինյանը ունի մի քանի հարյուր հազար ձայն, իսկ պատգամավորները մի քանի տասնյակ, կամ լավագույն դեպքում մի քանի հարյուր:

Սա պետք է, որ յուրաքանչյուր խորհրդարան անցած պատգամավոր գիտակցի, որ ինքը ոչինչ է առանց Նիկոլ Փաշինյանի, և ինքը ոչ թե պատգամավոր, այլ նույնիսկ ամենափոքր գյուղի ավագանու անդամ չէր կարող ընտրվել իր ստացած քվեներով: Սա էլ իր հերթին պետք է, որ ՔՊ խորհրդարանական խմբակցությունը քվեարկի այնպես ինչպես կհրամայի վերադասը, առանց ծպտուն հանելու կամ ավելորդ շարժումների: Իսկ թե ինչի համար է պետք այդ աստիճան ձեռնասուն և հնազանդ խորհրդարան, պարզ կլինի խորհրդարանի ձևավորումից ընդամենը ամիսներ հետո, թերևս գարնանը:

Please enter a valid URL