Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում տոտալ հարձակում է եղել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանի եւ նրա ընտանիքի հանդեպ: Սեւակ Միքայելյանի նախընտրական շտաբը ի սկզբանե որդեգրել էր քաղաքակիրթ գործելաոճ, ինչին եւ հավատարիմ է մնացել ողջ քարոզարշավի ընթացքում: Սակայն նույնը չենք կարող ասել Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածուի մասին:
Մասնավորապես, շահարկվում է, թե իբր ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Հրազդանում օգտագործում է ինչ-որ լծակներ: Հայտարարում ենք, որ Սասուն Միքայելյանը չունի որեւէ լծակ, 1999 թ.-ից պայքարում է հանուն արդարության, միշտ եղել է ժողովրդի պայքարի առաջնագծում, մեծ ներդրում ունի թավշյա հեղափոխության հաղթանակի կայացման մեջ եւ երբեք իրեն թույլ չի տա օրենքի որեւէ խախտում: Միաժամանակ պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել եւ խոսել փաստերով: Հավելենք, որ հոկտեմբերի 21-ին, քվեարկության օրը մյուս թեկնածուի կողմից մամուլում հնչել են հայտարարություններ, որոնք ՀՀ ընտրական օրենսգրքի ակնհայտ խախտում են՝ պարունակում են հակաքարոզչություն: Փաստի առթիվ ակնկալում ենք ՀՀ Կենտրոնական ընտական հանձնաժողովի արձագանքը: Կոչ ենք անում հարգել ՀՀ ընտրական օրենսգիրքը»: