Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Էջմիածնում, Հրազդանում, Կապանում և Արմավիրում:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքից 15-ում առաջադրվել է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8-ում՝ 3-ական, 6-ում՝ 1-ական, 4-ում՝ 5-ական և մեկում՝ Վաղարշապատում, 12 թեկնածու:
Հիշեցնենք, որ այստեղ են առաջադրված Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Դիանա Գասպարանը, անկուսակցականներ՝ Վարդան Առաքելյանը, Գագիկ Բաղրամյանը, Վազրիկ Գրիգորյանը, Սամվել Դավթյանը, Վահագն Թադևոսյանը, Սուրեն Թոփալյանը, Սուսաննա Մարգարյանը, Վահե Մովսիսյանը, Սամվել Մուրադյանը, Սուրեն Մուրադյանը, Ժորժիկ Նավասարդյանը, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Սերգեյ Սարգսյանը:
Փաստաբանների պալատի անդամ Կարեն Ստեփանյանն ինքաբարացարկ է ներկայացրել:
Հրազդանում միմյանց հետ կպայքարեն ՔՊ Վարչության նախագահ, ազատամարտիկ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով ևս ինքնառաջադրված է, և անկուսակցական Լևոն Ստեփանյանը: Եվս երեք թեկնածու դուրս են եկել մրցապայքարից. անկուսակցական Գագիկ Աթասյանի գրանցումը մերժվել է, իսկ անկուսակցականներ Մանվել Պողոսյանը և Դավիթ Քոչարյանը հետ են վերցրել փաստաթղթերը:
Արմավիրում առաջադրվել է 4 թեկնածու՝ անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանը և Սևակ Մինասյանը, իսկ ՔՊ-ի թեկնածուն քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն է։
Կապանում առաջադրված թեկնածուները երեքն են: Նրանց թվում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, իսկ մյուս թեկնածուներն են՝ անկուսակցական Էդգար Հովհաննիսյանը և Գևորգ Փարսյանը: Մեկ թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել:
Համայնքի ղեկավարի առաջադրված և գրանցված թեկնածուների հիմնական մասը ինքնաառաջադրվածներ են, միակ բացառությունն էջմիածնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սերգեյ Սարգսյանն է, թեև համայնքի ղեկավարի թեկնածուների մեջ քիչ չեն կուսակցականները և առավել շատ՝ ՔՊ-ական թեկնածուները: Այսպես. Նոր Ամանոսում և Լոռու մարզի Սարահարթում՝ Բարգավաճ Հայաստան, Էջմիածնում, Կապանում, Հրազդանում, Նոր Կյանքում, Դաշտում, Դալարիկում, Խանջյանում, Ջրաշենում, Մրգաշենում, Սոլակում, Արզնիում, Գեղաշենում, Սարիգյուղում ու Արմավիր քաղաքում՝ «Քաղաքացիական պայմանագիր», Ծաղկունքում՝ Հայաստանի Հանրապետական, Հովտաշենում՝ ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները:
Համայնքի ղեկավարների մեջ կան նաև կանայք. Արարատի Վերին Դվին համայնքում՝ Լյուդմիլա Պետրովան, Շահումյանի Թռչնաֆաբրիկայում՝ Լիլիա Ղասաբյանը, որոնք երկուսն էլ համայնքի գործող ղեկավարներ են, Դաշտում՝ ՔՊ-ական Անահիտ Աղաջանյանը, Էջմիածնում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: Էջմիածնում առաջադրված է նաև ԱԺ ֆինանսական վարչության մասնագետ Սուսաննա Մարգարյանը:
Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4-ը: Համայնքի ղեկավարի 128 թեկնածուից 6-ը և ավագանու անդամի 55 թեկնածուից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: