Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նոր մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակրթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նրան մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Սուրեն Պապիկյանը նշել է, որ լավ ճանաչում է Տրդատ Սարգսյանին՝ որպես գործընկեր և, ողջունելով նրա վերադարձը հայրենի երկրամաս, համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով: Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության ընթացքում:

Նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին՝ իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար: Այնուհետև նշել է, որ արդեն ծանոթ է մարզում առկա խնդիրներին, որոնք լուծելի են, և որոնց լուծմանը կարող են հասնել համատեղ աշխատանքով և պատասխանատու գործունեությամբ: Մարզպետ Տ. Սարգսյանը կարևորել է մարզում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացումը: Ավարտելով խոսքը՝ նորանշանակ մարզպետն ասել է, որ եկել է ծառայելու հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացու և անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզը դառնա լավագույններից մեկը:

Please enter a valid URL