«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշումը:
«Երկիր Ծիրանիի» Սյունիքի մարզային կառույցի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Ըստ էության, շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հանրությունը լսել է կցկտուր եւ ոչ համոզիչ մեկնաբանություններ, եւ տպավորություն է ստեղծվում, որ Սյունիքն ուղղիչ աշխատանքային գաղութ է, մի դեպքում Սերժ Սարգսյանի ռեժիմի հիմնասյուների` իրենց «աշխատանքով» իրենց մեղքերը քավելու եւ Հայաստանին ծառայելու առումով, մյուս դեպքում` Սյունիքը որպես քրեածին եւ վտանգավոր գոտի լինելու առումով:
Ինչ վերաբերում է ընդհանրապես` մարզպետներ նշանակելուն, ապա մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ուղղահայացը պետք է վերանա: Ոչ միայն համայնքների ղեկավարները, այլ նաեւ մարզպետներն ու դատավորները պետք է ընտրովի լինեն` այսպիսով իրականում ապահովելով գործադիր իշխանության զուգահեռ կառավարումը, ինչն ավելի կենսունակ է:
Սիրելի սյունեցիներ, մենք ունենք արժանավոր քաղաքացիներ, ովքեր կրում են այն արժեհամակարգը, որ պետք է կրի ազատ Հայաստանի քաղաքացին եւ ունեն մասնագիտական որակներ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար, ուստի մենք ձեզ հետ միասին կարող ենք առաջադրել մարզպետի մեր թեկնածուին»: