Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել:
Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:
Ն. Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել. «Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշեց նա: