«Մեր մտահոգութունը մեկն է՝ օր առաջ երկիրը պետք է զարգացման հունի մեջ մտնի: Մենք մտավախություն չունենք, որ նախկինները կարող են վերադառնալ, այդպիսի բան չի կարող լինել: Վստահաբար եմ ասում: Մտահոգությունն այն է, որ մենք ժամանակ ենք կորցնում: Նոր փուլի հանգրվանը Ազգային ժողովի ձևավորումն է: Վերջին 20-25 տարիների ընթացքում առաջին անգամ ժողովրդի կամքով մեր երկրում պետք է ձևավորվի քաղաքական դաշտ»,- լրագրողների հետ զրույցում, ասել է Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ձևավորվել քաղաքական դաշտ:
Խոսելով հեղափոխությունից հետո երկրում կոշտ կառավարման բացակայության մասին, Ժ. Սեֆիլյանը մանրամասնել է. «Կարելի էր 7-8 հոգանոց կաբինետ ձևավորել և գնալ առաջ: Բոլորվին կարիք չկար նախկին իշխանավորներին ընդգրկել կառավարությունում, այն պետք է ձևավորվեր միայն ու միայն հեղափոխական ուժերով:
Նախևառաջ, Սերժ Սարգսյանի ստեղծած սահմանադրությունը պետք է փաթաթել, մի կողմ դնել: Մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում հայտնի ինչ-որ պատճառներով, բայց մենք միշտ եղել ենք դրա կողմնակիցը, որ դա պետք է մի կողմ դրվեր և գնալ ավելի ուղիղ և կարճ ճանապարհով: Վերջապես, հեղափոխություն նշանակում է ամենակարճ ճանապարհը՝ հասնելու նպատակին: Այս իմաստով թերացումներ կան, բայց հուսով եմ՝ կուղղվեն, ավելին՝ ես համոզված եմ, որ ժամանակն՝ ինքը, ամեն ինչ ուղղելու է: Շատ կարևոր է, որ ժողովրդի վստահությունը պահպանվի անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»: