Search
Close this search box.

Հայաստանի դիվանագիտական խոշոր պարտությունը

Սեպտեմբերի վերջին շաբաթն արձանագրեց մեր երկրի խոշորագույն քաղաքական պարտությունը, լուրջ արտաքին քաղաքական ճգնաժամն ու միջազգային մեկուսացման աննախադեպ խորացումը։ Համեմատեք և դատեք ինքներդ։ Նույն այս օրերին հարևան Վրաստանի վարչապետ Բախտաձեն հանդիպել էր ԱՄՆ Պետքարտուղարի, Կոնգրեսի ու Սենատի առաջնորդների և Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ, ստանալով նրանցից պաշտոնական երաշխիքներ իր երկրի ռազմական ու տնտեսական զարգացմանը ԱՄՆ աջակցության մասին։ Ժամեր առաջ Euronews-ը հաղորդեց Միջերկրական ծովում նախատեսված ռազմածովային համատեղ զորավարժությունների մասին՝ ԱՄՆ, Թուրքիայի և … Ադրբեջանի մասնակցությամբ։

Ուշադրություն դարձնենք միջոցառման վայրին՝ դա նույն տարածաշրջանն է, որտեղ ՀՀ զորամիավորումը ներգրավված է Սիրիայում Ռուսաստանի արկածախնդրության մեջ։ Այս ենթատեքստում հասկանալի է, թե ինչու նույն ՄԱԿ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետը բավարարվեց աֆրիկյան Ռուանդայի նախագահի հետ հանդիպումով և արժանացավ գլխավոր քարտուղար Գուտյերեշի խրախուսական գովասանքի խաղաղ իշխանափոխության համար։ Մինչդեռ Դոնալդ Թրամփը պարզ ու միանշանակ բացատրեց ՄԱԿ-ի ամբիոնից, որ աշխարհի գլխավոր գերտերության օգնությունն ու պաշտպանությունը այսուհետ տրամադրվելու է բացարձակապես ԱՄՆ դաշնակիցներին։ Թերևս դա ակնհայտ էր արդեն տարեսկզբից, երբ ՀՀ առաջին անգամ իր պատմության մեջ զրկվեց ԱՄՆ ավանդական ֆինանսական օգնությունից՝ ՄԱԿ-ում դեմ քվեարկելով ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ, որպես Իսրայելի մայրաքաղաք տեղափոխելու հարցով։ Թե ինչի՞ն էր պետք ՀՀ պատվիրակությանը հակադրվել այդ պարագայում ԱՄՆ-ին և Իսրայելին, որն ի պատասխան անմիջապես հանեց քնեսեթից Հայոց Եղեռնը ճանաչելու հարցը՝ դա պետք է հարցնել Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին, թեև կարելի էր չքվեարկել, ձեռնպահ մնալ, «հիվանդանալ» և այլն։ Բայց անգամ Պուծինի մշտական ճնշման տակ գտնվող Սերժ Սարգսյանը չեր ուղարկում հայոց զորամիավորումները Սիրիա։ Իսկ թե ինչու՞ է դա հիմա անում Նիկոլ Փաշինյանը, հակադրվելով արդեն ողջ արևմտյան դաշինքին ու նաև իսլամական աշխարհի ճնշող մեծամասնությանը՝ դա մի հարց է, որը ես ընկերներիս հետ արդեն երկու շաբաթ ամեն օր բողոքի ցույցի տեսքով տալիս եմ ՀՀ Կառավարությանը և չեմ ստանում ոչ մի հոդաբաշխ բացատրություն։

Ավելին՝ ոչ մի քաղաքական կուսակցություն, գործիչ, բացի Պարույր Հայրիկյանից, ոչ մի լուրջ ԶԼՄ, մեկ-երկու բացառությամբ, չի փորձում ճշտել՝ արդյո՞ք հայ սակրավորներն արդեն ուղարկված են Սիրիա մասնակցելու այնտեղ Պուծինի հերթական արյունոտ արկածախնդրությանը։ Սակրավորների «մարդասիրական» առաքելության մասին արդարացումները համոզիչ չեն՝ նախ, եթե հայ սակրավորների ավելցուկ կա, թող սկզբից ականազերծեն Արցախը, ինչով 25 տարի զբաղվում է բրիտանական կամավոր կազմակերպությունը; եթե սիրիահայերին է պետք օգնել՝ թող ՀՀ կազմակերպի գոնե այնտեղ դեռ մնացածներ հայերի հայրենադարձությունը և այստեղ նրանց ապահովի տնով ու աշխատանքով։
Ինչպես և կանխատեսում էի, մեր այս կոպտագույն քաղաքական վրիպումից անմիջապես օգտվեց Ադրբեջանը, հաշված ժամեր անց հասցնելով ոչ միայն անցնել ԱՄՆ կողմը, այլ նաև հայտարարելով Միջերկրականում համատեղ զորավարժություններին իր մասնակցության մասին։ Հիշենք, որ Բաքուն մասնակցել էր նաև վերջերս Ուկրաինայում անցած ՆԱՏՕ զորավարժություններին, որոնցից վախվորած հրաժարվեց «հեղափոխված» Հայաստանը։
Չի կարելի նախանձով «չհիանալ» նաև թրքական դիվանագիտության հերթական փայլուն հաջողությամբ՝ Անկարան կարողացավ վերջին պահին ոչ միայն կտրուկ լավացնել հարաբերությունները ԱՄՆ հետ, ինչի վկայությունն է նույն այդ համատեղ ռազմածովային զորախաղը Միջերկրականում, այլ նաև պահպանել է «հատուկ հարաբերությունները» Պուծինի հետ Սիրիայում։ Այս պայմաններում Հայաստանը կրկին հայտնվել է որբ Գիքորի դիրքում, ինքն իրեն ռուս-թրքական ռազմական դաշինքի ծուղակը մտցնելով։ Վերջին անգամ նման զավեշտը ստեղծեցին հայ բոլշևիկները 1920 թվականի աշնանը, որի արդյունքում Հայաստանը բաժանվեց Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Թե ինչպե՞ս ենք մենք մեկ դար անց ընկնում նույն փոսը՝ ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ։ Քաղաքական դաշտի և մամուլի լռությունը այս հարցում վկայում է դրանց տհասության կամ պարզապես ստրկամտության մասին։ Միակ հույսը՝ քաղաքացիական հասարակության, հատկապես հայ մայրերի վրա է, որոնք սկզբից իրենք իրենց, հետո էլ իշխանությանը պետք է հարց տան ՝ հանուն ինչի՞ են Սիրիա մեկնում մեր որդիները։ Հանուն ու՞մ շահի է ողջ Հայաստանը և աշխարհասփյուռ հայությունը արևմտյան պատժամիջոցների և իսլամական ծայրահեղության թիրախ դառնում …
Եվ եթե վարչապետ Փաշինյանը ստիպված է նման որոշումներ ընդունում Պուծինի շանտաժի ու ճնշման տակ, ինչպես դա եղել է Սերժի օրոք, ապա ինչու՞ նա չի դիմում իր գլխավոր դաշնակցի՝ հայ ժողովրդի միասնական ուժի, ազատատենչության ու կամքի օգնությանը։ Հենց հիմա, այսօր է պետք գործել «դուխով», ազգային ոգով, համերաշխությամբ ու հեղափոխական խիզախությամբ։ Հանուն ազատ ու անկախ Հայաստանի։

Տիգրան Խզմալյան

Please enter a valid URL