Search
Close this search box.

Փաշինյան ջան, հակահեղափոխությունը իմ գոմ ոտք չի դնելու, ինքը նախկին հանրապետական է…

Պարոն վարչապետ ջան, Նիկոլ Փաշինյան ջան, ցավդ տանեմ, արդեն մի ամիս է անձնական հանդիպում եմ խնդրում ձեր հետ` չեն թողնում, մերժում են։

Էլ Eduard Aghajanyan ին եմ դիմել, որ կազմակերպի, էլ Davit Sanasaryan -ին, էլ Levon Barseghyan -ին, Gohar Abajyan ին խնդրել եմ, որ Ararat Mirzoyan ի միջոցով ձեզ փոխանցի, որ հանդիպում կազմակերպեն։ Բոլորը մերժում են։

Arayik Harutyunyan ին նամակ գրեցի, ասում եմ` Արայիկ ջան, քեզ շատ եմ հարգում` միջնորդի մեր վարչապետի հետ հանդիպեմ, գոնե հինգ րոպեով։ Ասում է` ի՞նչ խնդիր է, ասեք գուցե կարողանանք լուծել։ Ասում եմ` պարոն Հարությունյան, կարո՞ղ է ես էդքանը չեմ հասկանում, որ եթե ձեր լուծելու հարց լիներ` ձեզ կդիմեի, եթե ասում եմ` անձամբ վարչապետի հետ պիտի համդիպեմ` ուրեմն անմիջապես իր հետ է կապված հարցը, չէ՞։ Մենք, ասում եմ, իրեն ենք ընտրել վարչապետ, որ իր հետ խոսենք, ոչ թե ԿԳ նախարարի։ Ախր, Փաշինյան ջան, ինքը էդ գործից հաստատ գլուխ չի հանում, թե չէ, իմ համար դժվար չէր` իրեն կդիմեի։

Վերջին երկու շաբաթը եկել եմ կառավարության նիստերին (հարևան Հրանուշն ասեց, որ էդպես ձեզ կարամ տեսնեմ), բայց անվտանգության աշխատողները չթողեցին մոտենամ ձեզ։

Հիմա ես այլ ելք չեմ գտնում, քան այսպես հանրայինում դիմեմ ձեզ` մեր սիրելի, մեր ազգընտիր առաջնորդին, մեր հարգարժան վարչապետին։

Պարոն Փաշինյան ջան, ես ձեր կողքին կանգնած եմ եղել առաջին օրվանից ու սատարել եմ ձեր շարժմանը ամեն կերպ։ Ոչ մի անգամ չեմ փորձել նեղություն տամ ձեզ, բայց հիմա այլևս հնարավոր չի։ Շատ եմ խնդրում կարդաք այս նամակը և ինձ մի պատասխան տաք։

Բանն այն է, որ ձեր կոչից հետ ես գնացի ու մի անգամից հինգ հատ ոչխար գնեցի։ Հիմա, դրանցից երկուսը սատկել են։ Գյուղի անասնաբույժ Սրապիոնը ասում է, թե թոքերից է, պիտի սրսկում արվի, բայց, Փաշինյան ջան, ես դրան չեմ վստահում։ Դա նախկին հանրապետական է։ Արդեն քսան տարի է գյուղի անփոփոխ անասնաբույժը ինքն է։ Կինը լավ աղջիկ է, իմ ընկերուհին է, իրեն վստահում եմ, բայց մարդուն չէ։ Դրա համար էլ ինչքան համոզեց` մեկ է չթողեցի։ Ու չեմ թողնելու, Փաշինյան ջան, հակահեղափոխությունը իմ գոմ ոտք չի դնելու։ Ես միշտ հեղափոխության կողմից եմ եղել ու իմ սկզբունքներին չեմ դավաճանել ու հիմա էլ չեմ դավաճանելու։

Դրա համար, էլ պարոն Փաշինյան ջան, գլխիդ ղուրբան, քո օգնությանն եմ դիմում։ Ճիշտ է, երեկ ընկեր Գյուլնազի ( մեր գյուղի կրոնի պատմության ուսուցիչն է` չեք ճանաչի)  առաջարկով տեր Հովակիմին կանչեցի` եկավ աղոթք արեց, բայց դե դրա վրա էլ հույս դնելու չի, Փաշինյան ջան, մեկին օգնում է, մեկին չի օգնում դրա աղոթքը, մարդ գլուխ չի հանում։ Էն է, Վալոդի Ծաղիկ կովին աղոթեց` բուժվեց, բայց մի քանի օր հետո անտառում խեղճ անասունը գելերոց եղավ, բոլորն ասում են, որ Հովակիմի աչքն է։ Ճիշտ է, ես սնահավատ չեմ, բայց ամեն դեպքում, գոմից անասուններին չեմ հանում, որ աստված չանի, մի փորձանքի չգան։

Շողերն էլ է ասում, որ միակ փրկությունը ձեզ դիմելու մեջ է, իսկ Շողերը ստից տեղը էդպես բան չէր ասի` Շողերը կարդած է։ Շողերը ասում էր, որ էս երկրում մի հարց լուծող կա ու դա Փաշինյան Նիկոլն է։ Ասում է, որ Քոչարյանը տեղով կրակ էլ դառնա, Նիկոլին չի կարա ասի, թե` աչքիդ վերևը ունք կա։ Ես Շողերի հետ համամիտ եմ, Փաշինյան ջան, գլխիդ մեռնեմ, մի ճար արա էս ոչխարների համար։ Ասա` ի՞նչ սրսկեմ, որ էս մնացած երեք հատն էլ չսատկեն։ Կամ ավելի լավ է, խմելու դեղ ասես, ես սրսկող չեմ, էն Սրապիոնին էլ, ասի, որ չեմ վստահում։

Ժողովուրդ ջան, Շողերն ասում է, ձեզ էլ խնդրեմ` տարածեք, որ նամակս շուտ հասնի մեր թագավորին։ Ասեք` Հեռվաշենցի փոստատար Աղունը աչքը թաց սպասում է քո պատասխանին։ Ասեք, թող շուտ պատասխանի, քանի էն երեքն էլ չեն սատկել։ է՜, թե, ասեք` Աղուն, դու ո՞ր օրվա ոչխար պահողն էիր, որ գնացիր հինգ-հինգ ոչխար առար… Եսիմ է…

Նիկոլ ջան, հույսս դու ես, ոչխարները մաղբուն եղան, քեզ ղուրբան, շուտ մի ճար ասա` անեմ։ Իսկ ավելի լավ է ընդունես, տեղում խնդիրը ավելի մանրամասնորեն ներկայացնեմ, վարչապետ ջան։

Հարգանքով`
Աղուն Նախշունյան
Հեռվաշենի ավագ դպրոց 9-րդ դասարան
«Հայաստանն իմ աչքերով»
(շարադրություն)

Գարեգին Միսկարյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL