Search
Close this search box.

«Հրապարակ». Այժմ այլևս չկա ՀՀԿ-ի իշխանությունը՝ ընտրակեղծարարների ու ընտրակազմակերպիչների հոծ բանակներով

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վաղը մենք գնալու ենք ընտրության։ Սա առաջին ընտրությունն է հեղափոխությունից հետո։ Այժմ այլեւս չկա ՀՀԿ-ի իշխանությունը՝ ընտրակեղծարարների ու ընտրակազմակերպիչների հոծ բանակներով, եւ մենք այլեւս չենք կարող որեւէ մեկին մեղադրել կեղծելու, կաշառելու, քվեներ գողանալու, «կարուսելներ» կազմակերպելու, ծերերին ու անօգնականներին ստիպողաբար քվեարկության տանելու համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն քարոզարշավը եւ քվեարկության պրոցեսը, որ հասարակությունը հավատա դրանց արդյունքներին եւ չկասկածի քաղաքական ուժերին՝ խաբեության ու անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։ Արդեն կարող ենք արձանագրել, որ քարոզարշավը բավականին խաղաղ էր, չհաշված որոշ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը՝ կոնկրետ թեկնածուի օգտին։ Քվեարկության օրը, հուսով եմ, նույնպես խաղաղ կլինի՝ փող չեն բաժանի, «գազել»-ներ չեն աշխատի, ցուցակներ չեն կազմվի։ Թե ինչպիսի արդյունքներ կգրանցվեն, տարբեր կանխատեսումներ կան։ Ըստ իս՝ վատագույնը կլինի այն, որ նվազագույն քանակի ուժեր անցնեն։

Հիշեցնենք, որ օրենքի պահանջն է՝ առնվազն 3 ուժի առկայությունը, անգամ եթե դրանցից որեւէ մեկը չի հաղթահարել 6 տոկոսի շեմը։ Իհարկե, մեր երկրի ու պետականության տեսանկյունից շատ ավելի լավ կլինի, որ Երեւանի ավագանին լինի բազմազան եւ գոնե 4-5 ուժից կազմված։ Սակայն սա կարող է չիրականանալ չարաբաստիկ բոնուսային համակարգի եւ չանցնող ուժերին բաժին ընկած ձայների վերաբաշխման պատճառով․ մարդիկ գիտեն, որ եթե ձայն տան շեմը չհաղթահարած ուժին, այն գումարվելու է այն ուժի ձայներին, որին իրենք չեն ուզում ձայն տալ։ Այս գիտակցությունը բավական է, որ ընտրողը նախընտրի այն ուժերին, որոնք արտաքուստ «անցողիկ» են։ Լավ ընտրություն ունենալու համար պետք էր նախ այս համակարգից ազատվել» ։

Please enter a valid URL