Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կոչ է արել վերջ տալ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։
«Արտահայտում ենք մեր լրջագույն անհանգստությունը վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչպես նաև՝ հարակից բնակավայրերի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ կրակոցների կապակցությամբ, որոնց հետևանքով նաև մարդկային զոհեր գրանցվեցին»,- ասված է Խաչատուրովի հայտարարության մեջ։
ՀԱՊԿ-ում համոզված են, որ «ռազմատենչ հռետորաբանությունը նոր լարվածություն է առաջացնում և ի չիք է դարձնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»։
«Նկատի ունենալով ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցչի տրամադրած տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21-ին Մշտական խորհրդի նիստում, կոչ ենք անում դադարեցնել կրակոցներն ու էսկալացիան ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող տարածքում՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությունն ապահովելու նպատակով», — հայտարարության մեջ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։