Search
Close this search box.

Ինչ ազդակներ ուղարկեց Թրամփը Երեւանին՝ Անկախության տոնի իր շնորհավորական ուղերձով

Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորանքների շքերթը կարելի է համարել բացված։ Խոսքն ընդ որում ոչ հայաստանյան մեծ ու փոքր պաշտոնյաների կողմից հնչեցված բաժակաճառային տեքստերի մասին է, այլ արտաքին աշխարհի՝ Հայաստանի գործընկերների եւ դաշնակիցների կողմից պաշտոնական Երեւան ուղղված շնորհավորանքների։

Հանրապետության նախագահի եւ վարչապետի մամուլի ծառայությունները պարբերաբար թարմացնում են տեղեկատվությունն այն մասին, թե որ երկրների ղեկավարները, առաջին կամ երկրորդ դեմքերն են շնորհավորել նախագահին եւ վարչապետին ՀՀ Անկախության տոնի առիթով։ Իհարկե այս ամենի մեջ հատկապես հետաքրքրական էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում տեղ գտած տողերը կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ ԱՄՆ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է․
«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»։

Մի կողմ դնելով օրվա տոնականությունն ու բարձր տրամադրությունը փորձենք հասկանալ։ Ինչ է ուզում ասել Սպիտակ տան ղեկավարը։ Ինչ ազդակներ է նա ուղարկում Երեւանին։ Կարելի է կարծել, որ Դոնալդ Թրամփը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ամենեւին չպետք է մոռանալ ԱՄՆ ներկայությունը։ Սա հատկապես ակտուալ կարող է համարվել Հայաստանի վարչապետի՝ վերջին շրջանի մոսկովյան եւ փարիզյան այցի համատեքստում։ Այնպիսի տպավորություն է, որ Թրամփը պաշտպանում է ամերիկյան ներգրավվածությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Հետաքրքրական է այն, որ Սպիտակ տան ղեկավարը մի կողմից այսպես ասած՝ չհաստատված վիճակում է թողնում իր եւ Հայաստանի վարչապետի հանդիպման հեռանկարը ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում, մյուս կողմից ակնարկում է, որ Մոսկվա եւ Փարիզ այցը եւ Ղարաբաղյան հարցի քննարկումը դեռ բավարար չէ, քանի որ ՄԽ համանախագահությունը եռամասնյա է, եւ կա նաեւ ԱՄՆ-ն։ Բացի այդ, հատկապես ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ Թրամփը կոնկրետացնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժների ժամկետները։

Վերջին ամիսներին բանակցային գործընթացի տեղում դոփման ֆոնին Թրամփի առաջիկա ամիսներին սպասվող զարգացումների հետ կապված ակնարկը կարելի է ասել, որ բանակցային գործընթացի համար երկրորդ շնչառության բացումն ազդարարելու նման մի բան էր։ Ըստ էության Թրամփը գաղտնազերծում է որոշակի պայմանավորվածություններ բանակցային գործընթացից, այն է՝ կարգավորման գործընթացը գոնե լայն հասարակության աչքից հետու ընթանում է իր զարգացման հանգրվաններով եւ առաջիկայում սպասվելու են զարգացումներ, որոնք արդեն հանրային լայն շրջանակների համար են նախատեսված։

Ընդ որում, ինչպես կարելի է հասկանալ, այդ ոչ-հանրային զարգացումներն ամենեւին էլ կապ չունեն Հայաստանի վարչապետի հանրահավաքային կամ այլ հարթակներից հնչեցրած հայտարարությունների հետ եւ ընթանում են արդեն համաձայնեցված, եռանախագահող երկրների ղեկավարների կողմից հավանության արժանացած, ենթադրելի է, որ Մադրիդյան սկզբունքների համեմատ։

Please enter a valid URL