ԱՄՆ-ում մոլեգնող «Ֆլորենս» փոթորկի հետևանքով Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների ափերին հրե մրջյունների (Solenopsis invicta) «կղզյակներ» են առաջացել։ Այժմ դրանք «լողում» են ջրում՝ լուրջ սպառնալիք ներկայացնելով բնակչության համար: Տեսագրությունը Twitter-ի իր էջում հրապարակել է NBC News-ի թղթակիցը։
Այնտեղ երևում է, թե ինչպես են մրջյունները կառչում միմյանցից և փոքրիկ կղզյակներ «ստեղծում»։ Դա նրանց օգնում է գոյատևել ջրհեղեղների ժամանակ:
Նշենք, որ մրջյունների այս տեսակը թունավոր է և ագրեսիվ: Մաշկի վրա հայտնվելու դեպքում դրանք խայթում են զոհին։ Այս տեսակի մրջյուններից ազատվելը շատ դժվար է։
Հեռվից մրջյունների «կղզյակները» նման են հասարակ աղբի կամ ջրիմուռների կուտակման, սակայն նավակով դրանց դիպչելու դեպքում հազարավոր թունավոր միջատներ կհայտնվեն նավակում, ինչը կարող է վտանգավոր լինել այդտեղ գտնվող մարդկանց համար: