Search
Close this search box.

«Հրապարակ». «Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ». Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը դժգոհ են Տարոն Մարգարյանի որոշումից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Ի դեպ, ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել այդ բանը։

«Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ»,- ասել է նա։ Քոչարյանն էլ այն կարծիքին է, որ «Տարոնը նոր կրակի մեջ է գցել բոլորիս․ էս պահին քաղաքապետի ընտրություններ հեչ պետք չէին»։ Այնուհանդերձ, իր մոտ գնացող, հերթ կանգնող օլիգարխներին եւ նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգվել է ՀՅԴ-ի թեկնածուի օգտին աշխատել, որպեսզի Դաշնակցությունն անպայման հաղթահարի անցողիկ շեմը, իսկ հետագայում, երբ քաղաքական «ռասկլադը» հանկարծ փոխվի, Երեւանի քաղաքապետի նոր ընտրություններ չանցկացվեն, ավագանու ներսից ընտրությունը կատարվի։

Հիշեցնենք, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից դուրս եկած օլիգարխիկ թեւին՝ այնտեղ ընտրությունը հիմնականում Արտակ Զեյնալյանի օգտին է։ ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Զեյնալյանին սատարելու համար պայման է դրել՝ անցողիկ շեմը հաղթահարելուց հետո կոալիցիա չկազմել «ՔՊ»-ի հետ։ «Ոչ, ես նման պայման չեմ դրել, իրենց խնդիրն է՝ կոալիցիա կազմել, թե չկազմել»։ Հարցադրումը եղել է հետեւյալը․ «Երաշխիք կա՞, որ անգամ կես տոկոս ավել ձայն ստանալու դեպքում «Լույս» դաշինքը տեր կկանգնի իր քվեներին ու չի զիջի»։ Պատասխանը եղել է․ «Միանշանա՛կ»։ Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL