Թավշյա հեղափոխությունից հետո, թվում էր, թե նախկին իշխանությունների օրոք անօրինական գործունեությամբ զբաղվող անձիք կդադարեցնեն իրենց գործունեությունը և կպատժվեն իրենց նախկին անօրինական գործունեության համար:
Նման անձանց թվում է նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Politik.am-ը մի քանի անգամ անդրադարձ կատարել է Մհեր Սերդակյանի անօրինական գործունեությանը:
Սեդրակայնը Էրեբունի համայնքում, բնակելի տների կողքին ունի մեծ գազալցակայան, որի շահագործումը իրականացվում է անվտանգության նորմերի խախտմամբ՝ գազալցակայանը թույլատրվածից շատ ավելի մոտ է բնակելի տներին (Մանրամասն տես՝ այստեղ): Մեր հրապարակումից հետո երկու օրով կասեցվեց այդ գազալցակայանի գործունեությունը, սակայն այսօր այն կրկին շարունակում է գործել, իսկ խախտումները վերացված չեն:
Մեր հրապարակումներից մեկում մենք նաև անդրադարձ էինք կատարել «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից շուկայում իրականացվող անօրինականություններին: Մհեր Սեդրակյանին պատկանող շուկայի աշխատակից ներկայացողները գյուղմթերք վաճառող գյուղացիներից գումար են գնաձում: Նրանք ոչ միայն իրենց չպատկանող տարածքում կանգնած գյուղացիներից են գումար գանձում, այլ գանձված գումարի դիմած կտրոններ չեն տալիս ու հետևաբար դրա համար նաև հարկեր չեն վճարում (Առավել մանրամասն տես՝ այստեղ):
Հետաքրքիր է, որ Մհեր Սեդրակյանին առնչվող մեր այս հրապարակումները իրավապահ մարմինները կարծես չնկատելու են տալիս: Զավեշտալին այն է, որ նույն տարածում տաքսի վարող վարորդներից անօրինական գումար գանձողները հայտնվել են ԱԱԾ ուշադրության կենտրոնում և քննություն է գնում այս գործով, իսկ ահա նույն տարածում գյուղացիներից անօրինական գանձում իրականացնող երիտասարդները կարծես աննկատ են մնացել:
Իրավապահների այս անգործության ֆոնին իրատեսական են թվում այն խոսակցությունները, ըստ որոնց Մհեր Սեդրակյանը համերաշխության ճանապարհներ է գտել իշխանությունների հետ: Ըստ շրջանառվող լուրերի, նոր իշխանությունների և նախկին իշխանությունների կրիմինալ հեղինակություն ունեցող ներկայացուցչի հարաբերությունների կարգավորման գործում մեծ նպաստ ունի ԵԼՔ դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը: Մհեր Սեդրակյանը հենց նրա միջոցով է վստահեցրել նոր իշխանություններին, որ ինքը կապերը կտրել է ՀՀԿ-ականներից ու պատրաստ է ծառայել նոր իշխանություններին: