Ես ցավով եմ արձանագրում, որ քարոզարշավի հենց առաջին օրից հերթական անգամ գերիշխեցին էմոցիաները, և մարդկանց միտքն ու ուշադրությունը փորձ է արվում տանել այլ ուղղությամբ։
Սա, իրապես, ցավով եմ նշում, որովհետև սրանից տուժելու է Երևանը և երևանցին։ Մենք դարձյալ մեր քաղաքի իրական և բարդ խնդիրները երկրորդ պլան ենք մղում։
Գիտեք, բոլոր էմոցիաները ունեն հանդարտվելու հատկանիշ, բայց իրական պրոբլեմները ինքնալուծման հատկանիշ չունեն։ Դրանք իրենք իրենց չեն լուծվում. վաղը, մյուս օր կհանդարտվեն նաև այս էմոցիաները ու դարձյալ Երևանը և երևանցին կմնան իրենց բազմաթիվ չլուծված խնդիրներին դեմ հանդիման։
Ես համաձայնվել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ իմ մեջ ունենալով վճռականություն և որոշում՝ հստակ ժամանակացույցով, մեր թիմի հետ միասին, լուծել Երևանի հիմնական խնդիրները։
Ես համաձայնվել եմ դառնալ քաղաքապետի թեկնածու՝ Երևանում երևանյան մթնոլորտ ձևավորելու համար՝ խաղաղ, համերաշխ և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու համար։
Ուզում եմ անկեղծ ասել՝ քարոզարշավի հենց սկզբից ինձ համար հստակ ուրվագծվել է իմ ընտրազանգվածը.
Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Երևանի կոնկրետ խնդիրները ստանան կոնկրետ լուծումներ։
Ինձ և ԲՀԿ-ին ձայն են տալու նրանք, ովքեր Երևանը չեն բաժանելու սևերի և սպիտակների, և Երևանը ընկալում են, որպես մեկ միասնական, համայն հայության մայրաքաղաք։