ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման փաստը օգտագործվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Երևանի ավագանու ընտրությունները դարձնելու պայքար հակահեղափոխության դեմ: Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ երևանցիները պետք է ընտրություն կատարեն, ոչ թե Երևանի լավ կամ վատ քաղաքապետի, այլ հեղափոխության և հակահեղափոխության միջև, ՔՊ թեկնածուին ընտրելով ընտրում են հեղափոխությունը, իսկ մյուս բոլոր այլ թեկնածուների դեպքում հակահեղափոխությունը: Հասարակությանը նման մոլորության մեջ գցելը միանգամայն սպասել էր:
Ընտրարշավի հենց ամենասկզբում վարչապետ Փաշինյանը հասկացավ, որ որևէ բանական և նորմալ մարդ չի կարող Հայկ Մարությանին ընկալել Երևանի քաղաքապետ և հետևապես նա երևանցիների ձայները ստանալու ոչ մի հույս չի կարող ունենալ: Այստեղ չի կարող օգնել անգամ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը, որովհետև մարդիկ զոմբի չեն, որ անջատված գնան առաջնորդի հետևից, անկախ նրանից` նա ուր է գնում:
Փաշինյանի և նրա թիմի վրա ծանր ազդեցություն ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության հաջող մեկնարկած քարոզարշավը: ԲՀԿ-ն ներկայացրեց ներդրումային այնպիսի համապարփակ մի փաթեթ, որը ընդգրկում էր քաղաքային տնտեսության ամբողջ սպեկտորը`տրասպորտ, աբղահանություն և աղբի վերամշակում, Երևանի կանաչապատում, ենթակառուցվածքների զարգացում և այլն: Ներկայացված ծրագիրը իրատեսական է, որովհետև կան կոնկրետ ներդրողներ և մարդիկ, ովքեր պատրաստ են իրականացնել այդ ծրագիրը:
Նույնիսկ կառավարության ղեկավարը, էլ չենք խոսում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին, չեն կարող ներկայացնել այդ ծրագրին նույնիսկ մոտ ինչ- որ բան: Մարությանի կողմից Երևանի զարգացման մասին ցանկացած արտահայտություն ընկալվում է որպես հումոր, որովհետև նա այդպես էլ չկարողացավ դուրս գալ Կարգին սերիալի Հայկոյի դերից, և չի էլ կարողնալու դուրս գալ:
Իրավիճակի փրկության միակ ելքը հակահեղափոխության գրոհի իմիտացիան է, և դրա դեմն առնելու համար համաժողովրդական համախմբում կազմակերպելը:
Նիկոլ Փաշինյանը իրեն այնքան էլ լավ չի պատկերացնում արդյունավետ կառավարչի դերում, նա իրեն ավելի հարմարավետ է զգում ընդդիմադիր ու հեղափոխականի կարգավիճակում: Իսկ յուրաքանչյուր հեղափոխությանը պետք է թշնամու կերպար, որի դեմ պետք է ինքնամոռաց պայքարել: Գաղտնալսման դեպքում թշնամին անհայտ է`դժվար է ասել դա նախկին իշխանություններն են, Ռոբերտ Քոչարյանը, օլիգարխները, ռուսները թե նրանք բոլորը միասին:
Բայց որ թշնամի կա, դա հաստատ է, ու այդ թշնամին դարանակալել է հեղափոխությանը: Եվ աննկուն հեղափոխական Նիկոլ Փաշինյանը կրկին մարտի է նետվում փրկելու հեղափոխության նվաճումները, ձեռքի հետ էլ կոչ անելով քվեարկել Հայկ Մարությանի օգտին, որպեսզի հեկահեղափոխությունը հանկարծ գլուխ չբարձրացնի:
Բայց խնդիրն այն է, որ գնալով հեղափոխականները ավելի են մարգինալանում, և կտրվում հասարակությունից, ըստ այդմ նաև իրենց շրջապատաող իրականությունից: Իսկ ավելի վտանգավոր բան, քան մարգինալացված իշխանությունն է ,չկա, որովհետև դա տանում է բռնապետության, այսինքն փոքրամասնության իշխանությանը մեծամասնության նկատմամբ: Սա բոլոր հեղափոխականների ճանապարհն է. նրանք սկսում են որպես հասարակական տրամադրությունների արտահայտիչներ, բայց ավարտում են, որպես հասարկության վրա բռնացող մի խումբ իշխանամոլներ: