Անդրադառնալով «ՎիվաՍել-ՄՏՍ-ի» վերջին հրապարակման վերաբերյալ սոց. ցանցերում արված բազմաթիվ մեկնաբանություններին և հարցադրումներին՝ ընկերությունը ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ հայտնում է հետևյալը.
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի բազային կայանները, կոմուտացիոն և ծրագրային ապահովման համակարգերը տեխնիկական հնարավորություն չեն նախատեսում բաժանորդների միջև կատարվող զանգերի կամ կարճ հաղորդագրությունների բովանդակության պահպանման, խոսակցությունների գաղտնալսման համար:
Խոսակցությունների գաղտնալսում կարող է իրականացվել միայն հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցով, որոնց մուտք գործելու տեխնիկական հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի ունեցել:
Ընկերության ցանցը լիովին պաշտպանված է կոդավորման (encryption) միջազգային ստանդարտներին համապատասխանող հատուկ համակարգով, և առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության, ապակոդավորում և բաժանորդների միջև ընթացող խոսակցության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող:
Գաղտնալսման մեղադրանքները բացարձակապես անհիմն են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ շարժական կապի օպերատորները իրավունք չունեն գաղտնալսել իրենց բաժանորդների խոսակցությունները, այլև այն պարզ պատճառով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար նման գաղտնալսումների իրականացումը ենթադրելու էր հսկայական ծավալների տեղեկատվության պահպանման համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման և սպասարկման հետ կապված շարունակական ծախսեր, ինչը բացարձակապես չէր կարող հետապնդել որևէ առևտրային նպատակ ընկերության համար և ինքնին հանդիսանալու էր չհիմնավորված ծախս:
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պահպանում է Ընկերության՝ ֆիզիկական և էլեկտրոնային տեղեկատվական ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունը և ամբողջականությունը՝ իր հաճախորդների անհատական տվյալները պաշտպանելու և ընկերության հեղինակությունը պահպանելու նպատակով: Ընկերության տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի բոլոր պահանջներին»: