Search
Close this search box.

Վարչապետ մանրամասնեց Խաչատուրովին կալանավորելու մասին ԱԱԾ տնօրենի հետ ունեցած խոսակցությունը

ՀայաստանիՀանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշման մասին իմացել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետ կապված ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը իր հետ խոսե՞լ են, և, եթե խոսել են, ի՞նչ են ասել:

«Երբ ես Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու եմ առաջադրել, ես թեկնածուի հետ ունեցել եմ հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, և, եթե քննության օբյեկտիվ ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության` հանուն քննության շահերի, ուրեմն նա պետք է այդ գործողությունն անի` անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Դրանից հետո ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում, ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ կարելի է Հայաստանում օբյեկտիվ քննություն իրականացնել և, եթե  մաքուր իրավական տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունները քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն: Եվ տվյալ դեպքում, ես իմացել եմ ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացնում: Ես տեղեկացել եմ իրավիճակի մասին, այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում  էի: Քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ քաղաքական որևէ խոչընդոտ չկա, իսկ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, դա պետք է տեղի ունենա: Ես այս դիրքորոշումը վերահաստատում եմ Ազգային ժողովի ամբիոնից, վերահաստատել եմ նախկինում ու կվերահաստատեմ ապագայում»,-  մանրամասնեց վարչապետը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն կլինեն նրա քայլերը, եթե հանկարծ համացանցում հայտնվի նաև իր և ԱԱԾ տնօրենի հիշյալ խոսակցությունը: «Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ինքս, ցանկացած պահի:  Ես որևէ խնդիր չունեմ: Թող հրապարակվի, չի կարող լինել ձայնագրություն իմ այս նշած սկզբունքից և տրամաբանությունիցդուրս: Ես ձեր փոխարեն հարցն ավելի հետաքրքիր կձևակերպեի:  Օրինակ` ես կհարցնեի` այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ: Բայց քանի որ ինձ 18 վայրկյան ժամանակ է մնացել, ես չեմ կարող և՛ հարցը ձևակերպել, և՛  դրան պատասխանել: Եթե ուրիշները կհետաքրքրվեն այս հարցով, ես կարող եմ ավելի մանրամասն պարզաբանումներ տալ: Հույս ունեմ հերթագրվածները սրա հետ կապված հարց կտան, որպեսզի ես կարողանամ մանրամասներ ներկայացնել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Please enter a valid URL