Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոսկովյան այցի ժամանակ, տեղի հայ գործարարների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե ինքը Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս։ Այս առնչությամբ պաշտոնական Բաքուն ԱԳՆ խոսնակի մակարդակով արձագանքել է։
Ինչպես հայտնում է Oxu.Az-ն, Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը ասել է, որ նման հայտարարությունը հանդիսանում է անհարգալից վերաբերմունք միջազգային իրավական նորմերին եւ սկզբունքներին, ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված բանաձեւերին, ինչպես նաեւ այն բանակցային գործընթացին, որն ընթանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելությամբ։
«Այս հայտարարությամբ, վարչապետի մակարդակով ցուցադրվեց, որ Հայաստանի իրական նպատակներն է հանդիսանում ոչ թե Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցային գործընթացը, այլ ադրբեջանական հողերի շարունակական անօրինական օկուպացիան։ Հայաստանի ղեկավարությունը կանխամտածված, թե ոչ, հանդես է գալիս նման հայտարարությամբ, որը կարող է հանգեցնել իրավիճակի սրման՝ Նյու Յորքում Ադրբեջանի եւ ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ, որը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Միաժամանակ նման հայտարարություն արվել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի՝ այս շաբաթ Ադրբեջան կատարելիք այցից առաջ»,- մասնավորապես ասել է ադրբեջանական ԱԳՆ խոսնակը։
Բաքվի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, թե առաջիկայում պարզ կլինի՝ «արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է խաղաղություն ու կայունություն, թե շարունակելու է նախորդ երկու տասնամյակների ընթացքում իշխանության ղեկին գտնված դաշտային հրամանատարների քաղաքականությունը։ Հիքմեթ Հաջիեւը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի վարչապետի կողմից նման հայտարարության հնչեցումից հետո իրավիճակի սրացման պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի եւ նրա ղեկավարության վրա։