Պուտին-Փաշինյան երրորդ հանդիպումը չորս ամիսների ընթացքում կարող է դառնալ առավել անհաջողն ու ամենածանրը Հայաստանի համար՝ քաղաքական հետեւանքների առումով: Սակայն մինչեւ այդ հետեւանքները ընդունեն տնտեսական եւ դիվանագիտական տեսքն ու կերպարը, մեր երկիրն արդեն հայտնվել է վերին աստիճանի աննախանձելի վիճակում միջազգային օրենքի եւ պարզ մարդկային բարոյականության տեսակետից, քանի որ Փաշինյանի հայտարարված ՀՀ մասնակցությունը Սիրիայում սկսվող ռուսական Փաշինյանի «մարդասիրարական գործողություններին» դարձնում է մեզ բոլորիս այսօրվա ամենամռայլ եւ աշխարհի կողմից մերժված դահիճի՝ Պուտինի հանցակիցներ:
Թող ոչ ոք չփորձի արդարացնել այս քայլը «մարդասիրական» շղարշով, կամ Սիրիայում նախատեսված հայոց բանակի սակրավորների ու բժիշկների խաղաղ առաքելությամբ: Ականազերծե՞լ ենք ուզում սիրիական քաղաքներն ու ճանապարհները՝ եկեք սկսզբից Արցախը ականազերծենք, պարոն վարչապետ: Բժշկական օգնությու՞ն ենք ուզում ցուցաբերել՝ Վայքի ծննդատանը մահացող մանուկներին կամ Կապանում ու Ալավերդիում թափոններից թունավորվող մարդկանց սկզբից բուժենք: Պատերազմից քանդված տնե՞րն ենք ուզում վերականգնել Սիրիայում` սկզբից Գյումրվա «դոմիկների» հազարավոր ընտանիքները եկեք մարդավայել պայմաններով ապահովենք: Եւ ընդհանրապես՝ մի՞թե պարզ չէ, որ «մարդասիրական» բառը զավեշտալի է հնչում, երբ օգտագործվում է պուտինյան բռնապետության կողմից, որը սկզբից օդային ռմբակոծություններով սպանել է հազարավոր սիրիացիների եւ ոչնչացրել նրանց տները, իսկ հիմա ցուցադրական ցինիզմով պատրաստվում է «վերակառուցել» Սիրիան եւ լկտիաբար փող է ակնկալում դրա համար միջազգային ատյաններից:
Սիրիայի հայ համայնքի դա՞րդն ենք քաշում: Այդ դարդը պետք է յոթ տարի առաջ քաշեինք, երբ ընկերներիս հետ Երեւանում Սիրիայի դեսպանատան մոտ հակապատերազմական ցույցի ժամանակ, ես անձամբ դիմում ու պահանջում էի ՀՀ ԱԳՆ-ից, եկեղեցուց եւ Սփյուռքի կուսակցություններից՝ օր առաջ կազմակերպել սիրիահայ համայնքի հայրեդարձությունը, ապահով ու արժանապատիվ հեռացումը արդեն ակնհայտ սպառնալիքի տակ հայտնված այդ երկրից: Ի պատասխան մենք լսեցինք միայն «անհիմն խուճապն ու վտանգավոր սադրանքներ տարածելու» մեղադրանքներ: Հաշված ամիսներ անց Կոբանին ու Հալեբը դժոխքի վերածվեցին, սիրիահայ համայնքը կորցրեց ողջ ունեցվածքը, ոմանք նաեւ կյանքը՝ եւ այդ ամենը անհեռատես դեմագոգների եւ ագահ, անպատասխանատու գործիչների պատճառով:
Սակայն այն ժամանակ ՀՀ գաղութային իշխանությունը գոնե ձեռնպահ էր մնում ուղիղ մասնակցությունից, սահմանափակվելով ՄԱԿ-ում խայտառակ քվեարկություններով ռսական նախահարձակմանն աջակցելով: Ի՞նչ է պահանջում նման խենթ, ինքնասպան քայլի դիմել հիմա, 2018 թվականին, երբ 2011 կամ անգամ 2015 թթ. համեմատ Ռուսաստանը բոլորի համար ակնհայտ հայտնվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի ուղիղ պատժամիջոցների տակ, բացարձակ քաղաքական, տնտեսական, կրոնական մեկուսացման մեջ, Երբ սույն տարվա փետվրարի 17-ին, ճակատագրի մռայլ հեգնանքով, ԱՄՆ զինվորականները ջախջախել են ռուս զորամիավորումը հայերիս համար խորհրդանշական Դեր-Զորում, իսկ մի քանի օր առաջ ուղիղ զգուշացրել են Ռուսաստանին, որ ուժով են կասեցնելու եւ խստորեն պատժելու են ռսական պատրաստվող նոր հարձակումը Սիրիայում: Եւ այս պայմաններում ՀՀ նոր իշխանությունը ոչ մի այլ ավելի կարեւոր զբաղմունք չի գտնում քան միջազգային հանցագործ Պուծինին հաճոյանալու համար հայկական զինվորներին ուղարկել Սի՞րիա:
Ուրեմն ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Գերմանիային եւ այլ հզոր պետություններին, ինչպես նաեւ իսլամական աշխարհի ճնշող մեծամասնությանն այսպիսի ակնհայտ մարտահրավեր նետելը բխում է ՀՀ պետական, կամ աշխարհասփյուռ հայության ազգային շահերի՞ց: Թե՞ ճիշտ հակառակը՝ դա մեր պետությունն ու ողջ հայությանը դարձնում է քաղաքական ճնշումների եւ հնարավոր ահաբեկչության թիրախ: Ֆրանսիացի հռչակավոր դիվանագետ Թալեյրանը նման դեպքերում ասում էր՝ « Սա ավելի վատ է, քան հանցանք, սա քաղաքական սխալ է»:
Ավաղ, մեր երկրում առ այսօր անորոշ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետը, որպեսզի հասարակությունը կարողանար իր վստահված պատգամավորների միջոցով ազդել կառավարության նման որոշումների վրա: Դեռ մի քանի շաբաթ առաջ ես կփորձեի մտահոգությոններս հասցնել «վերեւներին» ընկերոջս՝ Արսեն Խարաթյանի օգնությամբ, սակայն նա այլեւս Փաշինյանի խորհրդականը չէ, ասում են թե Մոսկվայի պահանջով: Մնում էր Ֆեյսբուքի թույլ հույսը, որ հորդորները կհասնեն տեղ եւ գոնե պատասխանի կարժանանան: Այսօր մարեց նաեւ այս հույսը՝ վարչապետի որոշումն ընդունված է եւ ոգեւորությամբ գովերգվում է պուծինյան քարոզչության կողմից:
Ուրեմն Մոսկվան զինում է Ադրբեջանին, մեր «դաշնակից» Բելառուսն ու Ղազախստանը ամեն ինչում աջակցում են մեր թշնամուն, սակայն Սիրիա նրանցից ոչ մեկը ոչ մի զինվոր չի ուղարկում, թողնելով այդ կասկածելի «պատիվը» Հայաստանին: Լավ, գոնե մեր պատմական ախոյան Թուրքիայից սովորենք՝ նրանք վերջին պահին խոհեմաբար կողմ են քաշվել եւ հակադրվել են ռսական արկածախնդրությանը, ինչպես Երկրորդ աշխարհամարտի վերջում, երբ Թուրքիան «պատերազմ հայտարարեց» արդեն պարտված ֆաշիստական Գերմանիային եւ այդ միջոցով կարողացավ պահպանել իր տարածքներն ու շահերը: Կամ սովորենք ի վերջո, աշխարհի վտարանդի Հյուսիսային Կորեայից՝ այսօր իրենց պետության 70-ամյակին նվիրված ռազմական շքերթին նրանք խոհեմաբար դուրս չեն հանել ոչ մի հրթիռ՝ ցուցադրելու համար ԱՄՆ հետ հարաբերությունները լավացնելու ցանկությունը:
Ես կարծում եմ, որ սա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ եւ ճակատագրական սխալն է անցած ամիսների ընթացքում: Սա առավել լուրջ եւ վտանգավոր սխալ է, քան ցանկացած կադրային կամ տնտեսական վրիպում:
Այս որոշումով Փաշինյանը կամա թե ակամա հակադրում է Հայաստանը ողջ քաղաքակիրթ աշխարհին եւ ծանր վնաս է պատճառում մեր գերագույն պետական եւ ազգային շահերին: Այս պահից ի վեր ես համարում եմ ինձ քաղաքական ընդդիմություն նրա արտաքին քաղաքականությանը եւ ձգտելու եմ տեղ զբաղեցնել ապագա հայոց խորհրդարանում՝ ձայնս, կարծիքս, իմ նման մտածող մարդկանց շահերն ու համոզմունքները պաշտպանելու համար:
Տիգրան Խզմալյան