Search
Close this search box.

Նեմեց Ռուբոն դավաճանելով հեռացավ

Հայաստանի հավաքականը խիստ տարօրինակ պարտություն կրեց: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը երեկ հյուրընկալվել էր Մակեդոնիայի ընտրանուն: Մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով:

Մեր ֆուտբոլիստները կարծես դաշտ էին մտել պարտվելու համար: Ազգային թիմի մեկնարկային կազմում չէին առաջատարներ Արազ Օզբիլիսը և Մարկոս Պիզելին: Հենց այս ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ մեր հավաքականը օրեր առաջ Երևանում կարողացավ դժվարին հաղթանակ տանել ոչ ֆուտբոլային Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ։ Եթե առաջին տուրի հաղթանակն ապահովող ֆուտբոլիստները մեկնարկային կազմում չեն ընդգրկվում, մանավանդ, երբ հավաքականը արտագնա խաղում մրցում է խմբի ֆավորիտի հետ, բանական կամ մարզական բացատրություն լինել չի կարող։

Ըստ ամենայնի՝ գործ ունենք սաբոտաժի հետ, որն այս դեպքում ավելի ընդգրկուն ծավալ ունի ու դուրս է զուտ մարզական տիրույթից։

Սա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, կարելի է ասել վերջին խաղն էր: Սեպտեմբերի 22-ին ՀՖՖ-ն ունենալու է նոր նախագահ՝ Ռուբեն Հայրապետյանին փոխարինելու է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ու բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ֆուտբոլային պաշտոնից հեռացող օլիգարխը վրեժ է լուծում հավաքականից, հայկական ֆուտբոլից՝ «ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» արատավոր սկզբունքով։

Ոչ մի հավաքական պարտությունից ապահովագրված չէ, սակայն զուտ մարզական ձախողումը նույնպես արժանապատիվ է լինում, ունենում է մոտիվացիա, բացատրություն։ Մերոնք երեկ ուղղակի չէին խաղում, ինչն ընդգծեց անգամ հանդիպման մեկնաբանը: Կարծես տեղի է ունեցել դավաճանություն:

Ընդ որում՝ ուշագրավ է, որ տեղի ունեցածը միանշանակ քաղաքական, հասարակական հնչեղություն է ունենալու։ Չենք կարող կանխատեսել, թե ՀՖՖ նախագահի պաշտոնում իրեն ինչպես կդրսևորի Արթուր Վանեցյանը, սակայն փաստ է, որ նրա նախագահության հեռանկարը որոշակի լավատեսության հիմքեր է ստեղծել ֆուտբոլային աշխարհում։ Ընդամենը այն փաստը, որ ընթացիկ ազգային առաջնության անցկացումն, ըստ էության, ձախողված էր և իրավիճակը փրկվեց միայն այն լուրի շնորհիվ, որ ԱԱԾ գործող տնօրենը շուտով փոխարինելու է Հայրապետյանին՝ ասվածի լավագույն դրսևորումն է։

Արթուր Վանեցյանի անունն այսօր նշանային է ու ասոցացվում է քրեաօլիգարխիկ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի հետ ու ահա՝ հին համակարգը՝ Նեմեց Ռուբոյի դեմքով, ձեռնոց նետեց նոր Հայաստանին։ Հայրապետյանը հեռանում է՝ իր հետևից խորտակելով Եվորապայի առաջնության ուղեգիր նվաճելու հավաքականի իրական հեռանկարը, հայկական ֆուտբոլը կանգնեցնելով անդունդի եզրին։

Ընդ որում՝ Ազգերի լիգայի ամբողջ փիլիսոփոայությունը կառուցված է հենց թույլ հավաքականներին մոտիվացնելու, նրանց մեջ երազանք արթնացնելու սկզբունքների վրա։ Ռուբեն Հայրապետյանը կործանեց մեր հավաքականի երազանքը։

Ընդ որում՝ ցավալի է, որ Հայրապետյանի սաբոտաժին միացան հայկական ֆուտբոլի նոր շրջանի լավագույն ֆուտբոլիսներից ու մարզիչներից մեկը՝ Վարդան Մինասյանը, մեր ֆուտբոլային լեգենդը՝ Հենրիխ Մխիթարյանը ու առհասարակ՝ ամբողջ հավաքականը, բացառությամբ՝ Արազ Օզբիլիսի և Մարկոս Պիզելիի, ովքեր առաջին խաղում հաղթանակ կերտելու համար երեկ պատժվեցին՝ չընդգրկվելով հավաքականի հիմնական կազմում։

Մեր հավաքականի գլխավոր մարզչի ու ֆուտբոլիստների պահվածքը հակաֆուտբոլային է, հակաքաղաքացիական, հակոտյնա այն հումանիստական արժեքներին, որի կրողն է նոր Հայաստանը։

Նեմեց Ռուբոն հեռացավ շատ տգեղ ձևով՝ դավաճանելով ֆուտբոլին ու խորտակելով տասնյակ հազարավոր ֆուտբոլասերների հույսերը։ Հայրապետյանն, ըստ էության, դավաճանություն է արել՝ ձեռնոց նետելով նոր Հայաստանին։ Մնում է հուսալ, որ նրա արարքն անպատիժ չի մնալու։

1in.am

Please enter a valid URL