Փաստաբանը ներկայացնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի ամենատեղեկացված մարդկանցից մեկին՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար գեներալ-մայոր Արիս Բրուտյանին Յուրի Խաչատուրովի պաշտպան Գրիգոր Բեքմեզյանի կողմից ուղղված հարցման մասին տեղեկատվություն:
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Սույն փաստաբանական հարցումը կատարված է փաստաբան (փաստաբանական գործունեության արտոնագիր 1948) Գրիգոր Բեքմեզյանի կողմից:
Փաստաբանական հարցման հիմք է հանդիսանում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը:
Գրիգոր Բեքմեգյանը հանդիսանում է գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ վերջինիս պատվի և արժանապատվության պաշտպանության հետ կապված իրավահարաբերություններում:
Հարցման է ենթարկվել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը, ով տիրապետում է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմի (այսուհետ’ Ապրիլյան պատերազմ) մասին անհրաժեշտ տեղեկությունների:
Հարցումը կատարվել է գեներալ-մայոր Արիս Բրուտյանի աշխատասենյակում: Հարցմանը ներկա են գտնվել Գրիգոր Բեքմեգյանը և Արիս Բրուտյանը:
Ստորև շարադրվում են փաստաբանի կողմից տրված հարցերը և դրանց պատասխանները՝ ըստ հերթականության․
— Խնդրում եմ հայտնեք, թե ինչ պաշտոն եք զբաղեցրել 2016 թ ապրիլ ամսին:
— 2009 թ-ից մինչ այժմ զբաղեցնում եմ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարի պաշտոնը:
— Որո՞նք են հանդիսանում Ձեր պարտականությունները որպես ՀՀ ԶՈհ ԳՇ վարչական ապարատի ղեկավար և որքանո՞վ եք տեղյակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի գործողությունների մասին 2016թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում։
— ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ունի վարչական ապարատ, որի միջոցով կազմակերպվում են շտաբի գործողությունները: Հանդիսանալով վարչական ապարատի ղեկավարը, լիովին տեղյակ եմ եղել 2016թ. ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում շտաբի պետի կողմից կատարված գործողությունների մասին՝ Ապրիլյան պատերազմի մասին իրազեկումից սկսած, մինչև պատերազմի ավարտը:
— 2016թ. ապրիլի 2-ին, ե՞րբ էք ստացել տեղեկություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակողական գործողությունների մասին։
— Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների մասին ինձ տեղյակ է պահվել 2016թ. ապրիլի 2-ին ժամը 03:10-ին:
— 2016թ. ապրիլի 2-ին հակառակորդի (Ադրբեջանի զինված ուժերի) գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց Էք Դուք եղել Ձեր աշխատանքի վայրում և անցել Ձեր պարտականությունների կատարմանը։
— Իմ աշխատանքի վայրում եմ եղել 2016թ. ապրիլի 2-ին, ժամը 03:25-ին:
— 2016թ. ապրիլի 2-ին՝ հակառակորդի (Ադրբեջանի զինված ուժերի) գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո, Յուրի Խաչատուրովը, որքա՞ն ժամանակ անց եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։
— Երբ ես եկել եմ աշխատանքի վայր, պրն Խաչատուրովն արդեն տեղում է եղել: Կարծում եմ՝ ինքը տեղում է եղել 2016թ. ապրիլի 2-ի 03:15-ի կողմերը:
— Եղե՞լ են զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, որոնք պատասխանատու են եղել զինվորական ուժերի կազմակերպման համար, սակայն ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո չեն ներկայացել աշխատանքի վայր և չեն անցել իրենց պարտականությունների կատարմանը:
— Ոչ նման բան չի եղել, բոլորը տեղեկացվել են և սահմանված ժամկետում ներկայացել:
— Եղե՞լ է, որ պրն. Խաչատուրովը 2016թ. Ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում անհարգելի բացակայի իր ծառայության վայրից և խուսափի իր պարտականությունների կատարումից։
— Ոչ, Խաչատուրովը եղել է հրամանատարական կետում շուրջօրյա:
— Պրն. Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան սպաների գործողությունները հնարավորություն տվե՞լ են ենթադրելու, որ վերջիններս ցանկանում են կամ հակված են նրան, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական ուժերը զիջեն տարածքներ, իսկ արդեն գրավվածները հետ չվերադարձնեն
— Նման խոսակցություն չի եղել, և վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացվել: Եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված դիրքերը, ընդ որում հնարավորինս շտապ:
— Ապրիլյան պատերազմի օրերին որևէ մեկը Ձեզ, Յուրի Խաչատուրովին կամ այլ բարձրաստիճան սպայի առաջարկե՞լ է գումար, որ Դուք պատշաճ չկատարեք Ձեր պարտականությունները, ազդեք զինված ուժերի վրա այնպես, Որ վերջիններս չդիմադրեն Ադրբեջանի զինված ուժերին և տարածքներ հանձնվեն։
— Ոչ, նման բան չի եղել:
— Դուք համաձա՞յն եք, որ սույն հարցումը ներկայացվի դատարան, ինչպես նաև հրապարակվի զանգվածային լրատվության միջոցներով:
— Այո:
Ես’ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանս, հայտարարում եմ, որ սույն հարցումը կատարվել է փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի կողմից, հարցերի պատասխանները տրվել են իմ կողմից, գրառված են իմ խոսքերից, դրանք ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
Արիս Բրուտյան