Search
Close this search box.

Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հոդվածին, որում ասվում է է, որ Հայաստանի գործող գիտնականների 61 տոկոսը 65 և բարձր տարիքի է, կարծիք է հայտնել, որ անաշխատունակ գիտնականները հարկավոր են իշխանությանը՝ հանրային համերաշխության ծխածածկույթ ստեղծելու համար։

Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Facebook կայքի իր էջում։

Պատգամավորի գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ. «Մի քանի օր առաջ «Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրվեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հոդվածը։

Հոդվածից իմանում ենք, որ Հայաստանի գործող գիտնականների 61 տոկոսը 65 և բարձր տարիքի գիտնականներն են։

Մի մեջբերում հոդվածից․«Չնայած կենսաթոշակային տարիքի գիտաշխատողների զգալի մասը ձևակերպված է լրիվ հաստիքով (ներգրավված են ինչպես բազային, այնպես էլ գրանտային ծրագրերում), նրանց զգալի մասն ունի առողջական լուրջ խնդիրներ և լիարժեք աշխատանքի գնալ բնականաբար չի կարող։ Գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների զգալի մասը, հարգելով նրանց վաստակը, աչք է փակում այս երևույթի վրա։ Սակայն չեն բացառվում նաև կոռուպցիոն երևույթները, որոնք կարող են լինել այս պարագայում» (մեջբերման ավարտ)։

Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է։ Գիտության պետական կոմիտեի նախագահը պնդում է, թե այլևս այսպես շարունակել չի կարելի։ Համաձայն ենք, բայց այսպես այլևս չէր կարելի շարունակել դեռ 15, 20 տարի առաջ, և բոլորը այդ մասին գիտեին։

Բայց աշխատանքի չգնացող և ոչինչ չստեղծող գիտնականները իշխանություններին պետք էին՝ իրենց մասին նախընտրական և հետընտրական ձոներ ձոնելու համար։ Եվ թույլ տվեք կանխատեսել, որ հոդվածից հետո էլ էական ոչ մի բան չի փոխվի, որովհետև պատկառելի գիտական ժառանգություն ունեցող, բայց այսօր ըստ էության անաշխատունակ գիտնականները հարկավոր են իշխանությանը՝ հանրային համերաշխության ծխածածկույթ ստեղծելու համար։ Այդ ծխածածկույթի տակ մսխվել է ամենակարևորը՝ ապագան։

Էլ չեմ ասում, որ պատկառելի անցյալ ունեցող գիտնականների մի մասն էլ Անկախությունը անիծելու հորդառատ աղբյուր է։ Չէ՞ որ Սովետը պետություն էր, ոչ թե էս «քոսոտ» երկրի նման։ Իսկ թե ինչեր կպատմեն այսպիսի մարդկանց մասին ԿԳԲ-ի արխիվները, կիմացվի միայն լյուստրացիայից հետո»։

ԱԺ պատգամավորը գրառման հետ ներկայացրել է նաև ԿԳ պետական կոմիտեի նախագահի հոդվածի հղումը։

Please enter a valid URL