«Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման և ազատ արձակման: Այս պահանջով նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Դատախազության շենքի դիմաց:
Բողոքի ակցիայի մասնակիցներին միացավ նաև Երևանի քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ միանում է Շանթ Հարությունյանի արդարացման պահանջին, և Կառավարությունը պետք է լուծումներ գտնի նրան արդարացնելու համար. «Ձևը կգտնի, ես չէ, որ պիտի ասեմ»։
Լրագրողների հարցին, թե Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ձևը՝ ստորագրել փաստաթուղթ, փոխել պահման ռեժիմը, ստանալ արձակուրդ և հայտնվել ազատության մեջ, այլ լծակ Կառավարությունը չունի, ի՞նչ տարբերակի մասին է խոսում Րաֆֆի Հովհաննիսյանը, նա ասաց. «Կգտնեն։ Երկրում իրավիճակ է փոխվել, ու Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է, և պետք չէ սպասել Ստրասբուրգից ստացված որոշումների, որ այստեղ բան փոխվի։ Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի, այլընտրանք չկա»։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Դատախազությունը շատ հարցերում փոխել է իր դիրքորոշումը,ինչպես «Մարտի 1-ի» գործով,այնպես է պետք է փոխի Շանթ Հարությունյանի գործով. «Շանթը պիտի արդարացվի, դա լակմուսային թուղթ է նոր իրավիճակում»։