Search
Close this search box.

ԱԱԾ-ն զգուշացնում և իջնում է ջրի հատակը

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ սկսելու է ավելի փակ աշխատանքը, նվազեցնելու է շփումները լրատվամիջոցների հետ, ԱԱԾ-ն սկսելու է ավելի քիչ խոսել բացահայտումների մասին, միայն խիստ անհրաժեշտության կամ կարեւորության դեպքում: Վանեցյանը հայտարարել է, թե ճիշտ չէ, երբ ԱԱԾ պետի պաշտոնը հրապարակային է:

Արթուր Վանեցյանը խոշոր հաշվով իրավացի է: Գործնականում բոլոր երկրներում հատուկ ծառայությունների ղեկավարները ոչ հրապարակային ֆիգուրներ են, որոնք գրեթե չեն շփվում լրատվամիջոցների հետ: Ընդհանրապես, աշխատանքի այդ բնույթն օբյեկտիվորեն հատկանշական է այդoրինակ կառույցների համար, եւ դրանց արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է նաեւ դրանով, ինչպես էլ այդ բնույթին վերաբերեն հանրության տարբեր շերտեր,- գրում է lragir.am կայքը:

Արթուր Վանեցյանն ասում է, թե ինքը միշտ էլ դեմ է եղել ԱԱԾ հրապարակային աշխատանքին: Նշանակում է, որ այդ հրապարակայնությունը եղել է քաղաքական իշխանության որոշման արդյունք: Դա էլ թերեւս բխում էր թավշյա հեղափոխության մթնոլորտից ու տրամաբանությունից, որը բերել էր փաստորեն առանձնահատուկ կառույցի բնականոն հատկանիշներից որոշակի շեղման:

Այդ իմաստով, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությունն ազդարարում է թավշյա հեղափոխության փուլի որոշակի ավարտ եւ նոր իրավիճակի սկիզբ: Գործնականում այդ մասին օրեր հայտարարել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում, ազդարարելով ադապտացիոն փուլի ավարտ:

ԱԱԾ պետի հայտարարությունը թերեւս դրա օրգանական շարունակությունն էր, նաեւ կարեւոր կետային նշանակություն ունեցող շարունակությունը: Գործնականում ազդարարվում է թավշյա հեղափոխության «պետականացման» գործընթացի մեկնարկ, որի հատկանշական գործոններից մեկն էլ ԱԱԾ վերադարձն է իրեն բնորոշ աշխատանքային ռեժիմ:

Սա կարող է դուր չգալ հանրային տարբեր շերտերի, որոնք պահանջում են իշխանության բոլոր կառույցների անվերապահ հրապարակայնություն: Միեւնույն ժամանակ պետական կառավարումն ու պետական կենսագործունեությունը պահանջում է իր առանձնահատուկ ռեժիմներն ու հատկանիշները:

Այդ իմաստով ԱԱԾ պետի հայտարարությունը պետական կառավարման համարժեքության շոշափելի ցուցիչ է:

Առավել եւս, որ բավական նկատելի էին դարձել այսպես ասած բնականոն ռեժիմից շեղման որոշակի հետեւանքներ, երբ արվում էին հայտարարություններ, որոնք սակայն հետագայում որոշակի հակասության մեջ էին մտնում առկա իրողությունների հետ, տարբեր աղմկոտ գործերի եւ պատմությունների մասով: Իսկ դա ուղիղ հետեւանք կարող է ունենալ ոչ միայն կառույցի հեղինակության, այլ դրա տարբեր ստորաբաժանումների պրոֆեսիոնալների հոգեբանության եւ տրամադրվածության վրա:

Այդ իմաստով, խոսքը ըստ էության ԱԱԾ գործունեության արդյունավետության մասին է: Տվյալ պարագայում հրապարակայնության «միջնորդը» պետք է լինի քաղաքական իշխանությունն ու դրա հանդեպ հանրության վստահությունը, իսկ ԱԱԾ-ն պետք է լինի կառույց, որը «լուռ կկատարի իր գործը»:

Ըստ այդմ, ԱԱԾ պետը հայտարարում է, որ շոուն ավարտվեց, եւ ԱԱԾ-ն անցնում է գործի: Դա թերեւս պայմանավորված է նրանով, որ անցնող շրջանում նաեւ շատ էին հնչում հարցադրումները, թե ինչպես է, որ չեն բացահայտվում խոշոր կոռուպցիոն գործեր: ԱԱԾ պետը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր նաեւ, որ խոշոր բացահայտումները դեռ առջեւում են:

Որպես կանոն, խոշոր ձկներն իհարկե լողում են հնարավորինս խորը ջրերում եւ դժվար է նրանց որսալ մակերեւույթին սպասելով: Այդ իմաստով ԱԱԾ-ն փաստորեն իջնում է ջրի հատակը:

Please enter a valid URL