Search
Close this search box.

Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության օրակարգային հարցերին անցնելն անդրադարձավ նախորդ նիստերից մեկում արած իր այն հայտարարությանը, որ ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված. հիմա արդեն շատ լրջորեն պետք է զբաղվեն բարեփոխումների լայնածավալ գործողություններով, որոնք իրենց հերթին տնտեսական և քաղաքական զարգացման նոր շունչ, լիցք և ալիք կբերեն Հայաստան:
«Կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգոռիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունեն բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, այս ճանապարհով իրենց բարեփոխումները, գործողությունները կլինեն ավելի արդյունավետ: Նա հիշեցրեց, որ նոր կառավարման համակարգ ունեն, որը պատմականորեն կոչվում է ուղիղ ժողովրդավարություն, և այս տրամաբանությունից պետք է բխեն քայլերը:

«Մյուս շաբաթվանից կարող ենք հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսել երկխոսությունը հանրության հետ, և մեր խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, ընկալում ձևավորելը: Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ՝ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը. բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Please enter a valid URL