Նախօրեին երեք զինված անձ հարձակվել էին վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա։ Մեզ պատմեցին, որ Մկրտումյանը, որդին՝ Գոռը, եւ կինը տանը հեռուստացույց դիտելիս են եղել, երբ որդին նկատել է, որ դիմակներով ինչ-որ անձինք փորձում են բացել դարպասի դուռը։ Արման Մկրտումյանը դուրս է եկել, որ տեսնի, թե ովքեր են, որդին գնացել է գազային ատրճանակը բերելու։ Երբ Մկրտումյանը դուռը բացել է, զինված անձանցից մեկն ավտոմատն ուղղել է նրա վրա։ Որդին կողքից մոտեցել է եւ կրակել զենքը պահած մարդու ուղիղ դեմքին։
Ետեւում գտնվող երկու զինված անձինք սկսել են աջուձախ կրակել, ապա վախենալով՝ փախել են։ Մկրտումյանը ձեռքը գցել է եւ փորձել է խլել առաջին պլանում հայտնվածի ձեռքի ավտոմատը։ Սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք։ Ասում են՝ բոլորը մարմնական վնասվածքներ են ստացել։ Բայց հայր եւ որդի Մկրտումյաններին հաջողվել է հարձակվողներից առաջինին բռնել, վնասազերծել ու հանձնել ոստիկաններին։ Հետագայում պարզվել է, որ նա Գյումրիի բնակիչ 42-ամյա Հովհաննես Ռիժենկոն է։ Մեզ ասացին նաեւ, որ նա իր նախնական ցուցմունքում ասել է, որ կազմակերպիչներն իրեն փող էին խոստացել հարձակմանը մասնակցելու համար։
Հիշեցնենք նաեւ, որ դեպքի վայրից առգրավվել է սպորտային պայուսակ, որի մեջ եղել են լինգ ու կպչուն ժապավեն։ Արման Մկրտումյանը ստացել է «ձախ գոտկային շրջանի ձախ նստատեղի հրազենային միջանցիկ, ձախ նստատեղի ստորին երրորդականի հրազենային շոշափող վնասվածք» եւ ճանաչվել է տուժող։